Մատչելիության հղումներ

«Քթի տեսքը փոխելով՝ ամուսնության խնդիրը չես լուծի»


Հայաստանում ամենաշատը պլաստիկ վիրաբույժների օգնությանը դիմում են լինոպլաստիկայի՝ քթի վիրահատության համար:

Քիթը վիրահատելը այսօր Հայաստանում արժե 800-1200 դոլար: Պլաստիկ վիրաբույժներին դիմում են ինչպես տղամարդիկ, որոնց շրջանում նման վիրահատությունների համար դիմողների թիվը վերջին մի քանի տարիներին ավելացել է, այնպես էլ կանայք, ընդ որում, տարբեր պատճառներով՝ ֆիզիկականից մինչեւ հոգեբանական:

«Պլաստիկ վիրաբույժին հաճախ դիմում են ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեբանական խնդիրներ լուծելու համար: Եթե տեսնում եմ, որ մարդը եկել է, օրինակ, ամուսնության խնդիրը լուծելու, փորձում եմ գոնե հետաձգել վիրահատությունը», - շաբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ ասաց գիտությունների թեկնածու, դոցենտ, պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանը` պարզաբանելով. - «Բնական է, որ քթի տեսքը փոխելով` այդ հարցը դեռ չի լուծվի»:

Պլաստիկ վիրահատությունների ցուցակում հաջորդը կնճիռները հարթեցնելու, ականջների, կրծքագեղձերի եւ շրթունքների վիրահատություններն են: Վերջին երկուսին ցանկալի տեսք տալու համար վերջերս ամբողջ աշխարհում տարածվել էին անորակ նյութեր՝ գելեր, որոնք, վիրաբույժների խոսքերով, հնարավորություն էին տալիս մարմնի տվյալ մասի ծավալը մեծացնել:

«Սրանք չներծծվող գելեր են, որոնք հնարավորություն են տալիս արագ ստանալ ծավալի մեծացում, բայց օրգանիզմում սկսում են տարածվել հյուսվածքների մեջ: Այսինքն, շրթունքներում ներարկված գելը կարող է հայտնաբերվել որովայնի առաջնային պատին: Մենք նույնիսկ հաճախորդ ենք ունեցել, որ ծնկափոսից հեռացրել ենք կրծքագեղձերում ներարկված գելը», - ասաց Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանը: Նրա հավաստմամբ` այս նյութերը Հայաստան մուտք չեն գործել:

Պլաստիկ վիրաբուժությանը հիմնականում դիմում են 18-35 տարեկան մարդիկ, բայց տարիքային սահմանափակումներ չկան: Երբեմն էլ նման վիրահատությունները ոչ թե հաճելի կամ ցանկալի են, այլ պարզապես անհրաժեշտ:

«Ամենատարեցը 58 տարեկան կին էր, ով դիմել էր լինոպլաստիկայի համար», - ասաց Հայկ Ենոքյանը:

«Այս տարի վիրահատել ենք 64 տարեկան կնոջ` որովայնի առաջնային պատի կախվածության պատճառով, որը նրան ավելի շատ ֆունկցիոնալ անհանգստություն էր պատճառում, քան էսթետիկ», - նշեց Արմեն Հովհաննիսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG