Մատչելիության հղումներ

«Մեկ գավաթ թեյ» արշավն ընդդեմ բռնությունների


«Մեկ գավաթ թեյ» գործողությունը նախաձեռնած Սեմ Փեփերը
«Մեկ գավաթ թեյ» գործողությունը նախաձեռնած Սեմ Փեփերը
Ի պատասխան Լոնդոնում օրերս տեղի ունեցած` վերջին երկու տասնամյակների վատթարագույն զանգվածային անկարգությունների, 22-ամյա բրիտանացի Սեմ Փեփերը Facebook-ով եւ սոցիալական այլ ցանցերի միջոցով նախաձեռնել է նոր գործողություն, որի անունն է «Մեկ գավաթ թեյ»։

Երիտասարդն առաջարկում է բրիտանական որոշ քաղաքներում հաստատված քաոսին արձագանքել խաղաղ օնլայն ակցիայով: Նա ասում է, որ այդ նախաձեռնության էությունը «հակաբռնությունն» է:

Ակցիայի մասնակիցներն առաջարկում են երկրի խնդիրները քննարկել եւ վերջին օրերի դաժան հակամարտությունները կարգավորելու ելքեր փնտրել` կղզիների բնակիչների համար խորհրդանշական անգերազանցելի արժեք հանդիսացող ավանդական ըմպելիքի` մի գավաթ թեյի շուրջ:

Ակցիայի աջակիցները` իրենց տներում կամ ինտերնետ-սրճարաններում, կարող են մեկ բաժակ թեյ վերցնել, միանալ ֆորումներին ու քննարկել անդորր հաստատելու հնարավորությունները:

«Մենք անկարգությունների կարիք չունենք, եւ մեր այս ակցիան դա է ապացուցում», - ասվում է Twitter-ում բացված հատուկ էջում, որն այս պահին ունի արդեն 300 հազար երկրպագու:

Օնլայն արշավով երիտասարդ բրիտանացիները հակադարձում են նաեւ ոստիկաններին, ովքեր օրերս հայտարարել են, թե ջահելները սոցիալական մեդիայի, մասնավորապես` Twitter-ի ցանցով եւ BlackBerry տեսակի կապի արդիական միջոցով են համաձայնեցրել խանութների թալանն ու հարձակումները իրավապահների վրա:

Սեմ Փեփերն ասում է, թե հիմա սոցիալական ցանցերն են դարձել քավության նոխազ, բայց դա արդար չէ:

«Մենք 200 հազար մարդ ենք հավաքել, դա շատ ավելին է, քան փողոցներում անկարգությունների մեջ ներքաշվածները: Տեսեք, 200 հազար մարդ հայտարարում է` «մենք դեմ ենք բռնությանը», մի՞թե դա էական չէ»,- ասել է Փեփերն ու ավելացրել.- «Ես ընդամենը 22 տարեկան տղա եմ, ես պարզապես մտածեցի, որ պետք է մի բան անել, մարդկանց հանգստացնել, մի քիչ ավելի ապահով դարձնել նրանց կյանքը»:

«Մեկ գավաթ թեյ» օնլայն գործողությունն ընդարձակվում է` ցույց տալով, որ բրիտանացիների գերիշխող մեծամասնությունն իսկապես ցանկանում է կարգուկանոնի շուտափույթ վերականգնում:

«Եկեք վերջ տանք այս կողոպուտին, թալանին, ու վերադառնանք նորմալ վիճակի, այս է երազանքս», - Լոնդոնի անկարգություններից առավելապես տուժած թաղամասերից մեկի` Թոթենհեմի սրճարանում, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Քրիսթին Դեյզիին ասել է սեւամորթ լոնդոնցիներից մեկը:

Լոնդոնում այսօրվա դրությամբ տեղակայված է 16 հազար ոստիկան: Շուրջ մեկ շաբաթ տեւող անկարգությունների ընթացքում զոհվել է հինգ մարդ: Ավելի քան հազար մարդ ձերբակալված է:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հավաստիացրել է, որ իշխանությունները հետեւողական կլինեն հանցագործներին բացահայտելու եւ խստորեն պատժելու հարցում:

Սեմ Փեփերի համոզմամբ` Մեծ Բրիտանիայում անդորրի հաստատումը նշելու առիթով սեղանին դրվող լավագույն խմիչքը բրիտանական թեյը կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG