Մատչելիության հղումներ

Փաստաբանը հակադարձում է Ոստիկանության պնդումներին


ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստները, Երեւան, 9-ը օգոստոսի, 2011թ.
ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստները, Երեւան, 9-ը օգոստոսի, 2011թ.
Շաբաթասկզբին ձերբակալված Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) 7 ակտիվիստների պաշտպաններից Ստեփան Ոսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ ընդդիմադիր երիտասարդներից գրեթե բոլորը բերման ենթարկվելուց հետո մարմնական վնասվածքներ են ունեցել:

«Ես ոստիկանության Կենտրոնականի բաժին եմ հասել մոտավորապես 23:30-ի սահմաններում: Մտնելով ներս` ես տեսել եմ` գրեթե բոլորը մարմնական վնասվածքներով. գլխի շրջանում, թեւերի շրջաններում, մեջքին, ոտքերին, պատռվածքներով, նրանցից մեկի` Դավիթ Քիրամիջյանի ճակատի հատվածում խորը սպիով վերքով», - հայտարարեց փաստաբանը` հավելելով. - «Այնպես որ, ասել, որ նրանց որեւէ մեկը չի կպել, մարմնական վնասվածք որեւէ մեկը չի պատճառել` դա իրականությանը չի համապատասխանում: Համենայն դեպս, այդ վնասվածքները իրենք իրենց չէին կարող առաջանալ»:

Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հինգշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ հավաստիացրել էր, թե ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստներից «որեւիցե մեկին մատով չի կպել ոչ մի ոստիկան»: «Երբ անձին բերման են ենթարկում, քաշքշուկի ժամանակ մեկի մոտ մի թեթեւ կապտուկ է առաջացել... Դուք դա համարում եք մարմնական վնասվա՞ծք», - ասել էր ոստիկանապետը:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը, մինչդեռ, փոխանցեց. - «Տղաների պնդումներով` նրանք ծեծի են ենթարկվել հենց տեղում, այսինքն` այդ միջադեպի վայրում, որտեղ նրանց ծեծի ենթարկելուց հետո տեղափոխել են Կենտրոնականի բաժին, որտեղ շարունակվել են բռնությունները, համենայն դեպս` նրանցից մի քանիսին ավելի ուժեղ ծեծի են ենթարկել: Կոնկրետ, եթե չեմ սխալվում, [Կարապետյան] Արտակի նկատմամբ են այդ բռնությունները շարունակվել Կենտրոնականի բաժնում եւ [Առաքելյան] Տիգրանի նկատմամբ»:

«Մարմնական վնասվածքները բոլորը ֆիքսվել են` ե'ւ լուսանկարներով, ե'ւ տեսագրություններով, արձանագրվել է, որ այդ մարմնական վնասվածքներն առկա են», - ասաց փաստաբանը:

Ոստիկանության մեկ այլ պնդման կապակցությամբ, թե Տիգրան Առաքելյանը եւ երիտասարդներից եւս երկուսը հարբած են եղել, Ստեփան Ոսկանյանը փոխանցեց. - «Նրանց [բերման ենթարկվածների] սթափության վիճակն է ստուգվել մեր ներկայությամբ` բոլորը եղել են սթափ վիճակում»:

«Մեր ներկայությամբ կատարվել է թեստ, այնտեղ նրանք հատուկ հարմարեցված գործիքով փչել են, մենք մեր աչքով տեսել ենք` բոլորի վերաբերյալ եղել են զրոյական արդյունքներ, այսինքն` ոչ մի գրամ ալկոլոհի ազդեցություն չի եղել: Թե հետագայում նրանց փորձաքննություններով ինչ պատասխաններ են ստացվել` ես դրանց, ճիշտն ասած, տեղյակ չեմ», - հավելեց փաստաբանը:

Ուրբաթ օրը լրանում է ընդդիմադիր երիտասարդների ձերբակալման 72 ժամը, եւ պետք է որոշվի նրանց նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը: Այդ կապակցությամբ Ստեփան Ոսկանյանը ասաց. - «Ճիշտն ասած, ելնելով մեզ մոտ առկա տվյալներից` ինչ գործողություններ որ նրանք են կատարել կամ ինչ գործողություններ նրանց նկատմամբ են կատարվել, գտնում եմ, որ նրանք բոլորն էլ անխտիր պետք է բաց թողնվեն` առանց բացառության: Համենայն դեպս, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանցից ոչ մեկը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից կամ չի խոչընդոտի նախաքննությանը»:

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչներ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն, Սարգիս եւ Արեգ Գեւորգյանները, Արտակ Կարապետյանը եւ Սահակ Մուրադյանը երեքշաբթի ուշ երեկոյան բերման են ենթարկվել, ապա` ձերբակալվել: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG