Մատչելիության հղումներ

Քաղաքապետը չի կարծում, թե «կենտրոնական փողոցներում կրպակ ունեցողների մեջ խեղճ մարդիկ կան»


Կառավարությունը «հանգստացնում» է կրպակատերերին
please wait

No media source currently available

0:00 0:02:32 0:00

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի համոզմամբ, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում կրպակ ունեցողների մեջ խեղճ մարդիկ չկան:

«Ինչ վերաբերում է այդ կենտրոնական փողոցների կրպակներին եւ սոցիալական խնդրին, ապա կրպակատերերի մեջ, ես չեմ կարծում, որ կենտրոնական փողոցներում խեղճ մարդիկ կան: Խոսքս տերերի մասին է», - կառավարության նիստում հինգշաբթի օրը հայտարարեց քաղաքապետը: - «Եվ որեւէ պարտավորություն քաղաքապետարանը իրենց առջեւ չունի: Ժամկետ կար, իրենք այդ ժամկետի մեջ իրենց բիզնեսը պետք է անեին, տեղավորվեին: Մենք պարտավորություն չունենք այլընտրանք տալ կամ փոխհատուցում»:

Մինչդեռ վերջին օրերին բազմաթիվ կրպակատերեր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասել էին, թե իրենք ֆինանսական շատ ծանր կացության շեմին են, քանի որ բիզնեսը պահելու կամ զարգացնելու համար բանկից, նաեւ` գրավի դիմաց, վարկեր են վերցրել: Եվ այժմ, եթե իրենց կրպակները քանդվեն, իրենց ֆինանսական վիճակը կարող է աղետալի դառնալ:

«Ինչ վերաբերում է այնտեղ աշխատող մարդկանց եւ անապահով մարդկանց», - կառավարության նիստում ասաց Երեւանի քաղաքապետը, - «հստակ հանձնարարական կա վարչական շրջանների ղեկավարներին, որ յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք տանեն: Եվ այս պահին նույնպես այդ անհատական աշխատանքը կատարվում է` կա'մ աշխատատեղ տրամադրելով, հատուկ տեղ տրամադրելով առեւտուրն անելու համար, կա'մ ֆինանսական փոխհատուցում»:

Անդրադառնալով կոնկրետ Փափազյան փողոցում սկսված կրպակների ապամոնտաժմանը` քաղաքապետը ասաց. - «14 հատ կրպակ կա, 5-ը` օրինական, 9-ը` ոչ: 9-ից 2-ը արդեն կամավոր ապամոնտաժվել են: Շաբաթ օրը պայմանավորվել ենք բոլոր այդտեղ աշխատողների հետ, որ վարչական շրջանի ղեկավարը յուրաքանչյուրի հետ շրջելու է տարածքում եւ այդ խնդիրը լուծելու է»:

Կառավարության նիստի ժամանակ քաղաքապետը հայտարարեց, որ օրինական գործող որեւէ կրպակ չի ապամոնտաժվելու եւ հավելեց. - «Կրպակ, որը օրինակ ուժ չունի, բայց այս պահին սկզբունքորեն մեծ խնդիր չի դնում մեր առջեւ եւ աշխատող է, նույնպես այդ մարդկանց որեւիցե ձեւով մենք նեղություն չենք տալիս»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում, սակայն, կրպակատերերը նշում էին, որ ունեն համապատասխան փաստաթղթեր, որոնք թույլատրում են իրենց կրպակների գործունեությունը առնվազն մինչ այս տարվա վերջ, բայց իրենց կրպակները կա´մ ապամոնտաժվել են, կա´մ թաղապետրաններից իրեց ասել են, որ ապամոնտաժվելու են:

Կառավարության նիստին քաղաքապետը ներկայացրեց նաեւ թվեր. - «Երեւան քաղաքում ունենք 3395 կրպակ, որից 1180-ը չաշխատող, լքյալ կրպակներ են: Դրանցից 912-ը արդեն այս տարվա մեջ ապամոնտաժված են: Ենթակա է ապամոնտաժման 266 կրպակ: Շատ արագ դա անելու ենք»:

Քաղաքապետը, սակայն, չնշեց, թե արդյոք անօրինական են ապամոնտաժված կամ ապամոնտաժվելիք բոլոր կրպակները: Քաղաքապետը նաեւ տեղեկություն չտվեց, թե ինչ է լինելու մնացած 2215 կրպակների հետ, որոնք գործում են:

Կառավարության նիստում խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը. - «Քաղաքապետը հավաստիացնում է, որ մասսայական կրպակների ապամոնտաժում չի լինելու, լինելու են անհատական մոտեցումներ, եւ խիստ անհրաժեշտության դեպքում են միայն կրպակները ապամոնտաժվելու, եթե նրանք քաղաքային տնտեսության համար ստեղծում են խնդիր, եւ այդ դեպքում վարչական շրջանների ղեկավարները անհատական աշխատանք են տանելու աշխատող կրպակատերերի հետ, որպեսզի նրանք չունենան սոցիալական խնդիրներ»:

Միաժամանակ, ապամոնտաժված եւ ապամոնտաժման ենթակա կրպակների տերերը այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել:

Երեկ, հիշեցնենք, կառավարության ներկայացուցչի պահանջին ի պատասխան` ներկայացնել Փափազյան փողոցում կրպակների ապամոնտաժման թույլտվությունը, թաղապետարանի աշխատակիցը որեւէ փաստաթուղթ չներկայացրեց:

Կրպակատերերի բողոքի ցույցը Հանրապետության հրապարակում:

Բողոքի ցույցին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Անահիտ Բախշյանը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչով է բացատրում կառավարության եւ քաղաքապետարանի միջեւ այս հակասությունը, արձագանքեց. - «Երեւանը մեր պետության մեջ մի պետություն է»:

«Եթե կրպակները ապօրինի են, ապա մինչեւ ապամոնտաժումը մենք պարտավոր ենք պատասխանատվության կանչել նախկին քաղաքապետերին եւ նախկին թաղապետերին, որոնցից շատերը այսօր էլ ղեկավարում են», - հավելեց խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին կեսօրից հետո փոխանցեց, որ կրպակների ապամոնտաժումը Փափազյան փողոցում շարունակվում է, թեեւ պատգամավորի փոխանցմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հանձնարարել է չապամոնտաժել այն կրպակները, որոնց տերերը դեմ են ապամոնտաժմանը` մինչեւ համապատասխան լուծումներ գտնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG