Մատչելիության հղումներ

Նախատեսվո՞ւմ է արդյոք Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպում Աստանայում


Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ առայժմ որեւէ տեղեկություն չունեն, թե նախատեսված է արդյոք Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպում օգոստոսի 12-13-ին Աստանայում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:

Պաշտոնապես, հիշեցնենք, հաստատվել է, որ Սերժ Սարգսյանը գագաթաժողովին մասնակցելու է:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի խոսքով, մտահոգիչ է, որ հայկական կողմը մինչեւ օրս չի հաստատել, որ առանձնազրույց է նախատեսված նաեւ Սերժ Սարգսյանի հետ այն դեպքում, երբ Մեդվեդեւը արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ:

«Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ հայկական կողմի դիրքորոշումները լիազորված են Մեդվեդեւին, եւ Մեդվեդեւն է բանակցում մեր դիրքորոշումները Ալիեւի հետ: Սա շատ մտահոգիչ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով երեկ Սոչիում կայացած Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպմանը` Վլադիմիր Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը փորձում է երաշխիքներ ստանալ եռակողմ հանդիպման համար, իսկ այդ հարցում, ըստ Կոնգրեսի ներկայացուցչի, Ադրբեջանի դիրքորոշումը առանցքային է. - «Հայտնի է, որ հենց Ադրբեջանի պատճառով ձախողվեց Կազանի հանդիպումը, եւ կարծում եմ, Ռուսաստանը ուզում է իրեն ապահովագրել: Եթե Ռուսաստանը չունենա երաշխիքներ, որ կստորագրվի փաստաթուղթ առաջիկա հանդիպմանը, ապա այդ հանդիպումը չի կազմակերպվի»:

Իսկ այդ հանդիպման համար առիթ, Վլադիմիր Կարապետյանի կանխատեսումներով, կարող են դառնալ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը կամ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը:

Պաշտոնական Բաքուն, հիշեցնենք, երեկվա հանդիպումից հետո արդեն հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները:

Անդրադառնալով Կազանյան հանդիպումից հետո ստեղծված իրավիճակին, Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանը զիջման է գնացել, քանի որ ըստ էության սկսել է քննարկել Ադրբեջանի նոր առաջարկները:

«Մեզ ներքաշում են մի պրոցեսի մեջ, որն ավելի այլասերում է Ադրբեջանը: Ինչքան ավելի ճիշտ կլիներ ասել` միջորդները պատրաստել են փաստաթուղթ, մենք համաձայն ենք այս փաստաթղթին, գնացեք-համոզեք Ադրբեջանին», - ասաց ընդդիմադիր գործիչը` շարունակելով. - «Իսկ քանի որ մենք ներքաշվեցինք, Մեդվեդեւի առաջարկությունների մեջ հաստատ կային արդեն ադրբեջանական տարրեր»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Ռուսաստանը այժմ փորձում է կանխել Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումը` գերխնդիր ունենալով խաղաղության պահպանումը: Դավիթ Բաբայանը դա պայմանավորում է տարածաշրջանում եւ Ռուսաստանում հաջորդ տարի սպասվող ընտրական գործընթացներով:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի նախագահը ակնհայտորեն շտապում է, քանի որ խնդիր է դրել մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը ղարաբաղյան կարգավորման հարցում արդյունք արձանագրել:

Այդուհանդերձ Մանոյանի համոզմամբ` միջազգային համայնքը` այդ թվում եւ Ռուսաստանը, որեւէ կողմին ճնշելով չի կարողանա արդյունքի հասնել:

Նրա գնահատմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունները որոշակի իմաստով արդեն փակուղի են մտել եւ դժվար թե նոր արդյունք տան, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվում:

«Ալիեւը խոսում է հարցի կարգավորման մասին ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, այլեւ` որ պետք է խելամիտ լուծում լինի: Այդ խելամիտ լուծումը արդեն ուրիշ հարցի է վերածում ամբողջ խնդրի լուծումը, որովհետեւ ինչը մեկի համար խելամիտ է, մյուսի համար խելամիտ չէ: Ուստի իսկապես միջազգային համայնքը որոշելիք հարց ունի: Այսինքն, եթե ընդունում են, որ ի վերջո Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, պետք է որ այդ մասին իրենք որոշում կայացնեն», - եզրափակեց Կիրո Մանոյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG