Մատչելիության հղումներ

Օգոստոսի 10-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - « Երեկ Հայ ազգային կոնգրեսը երկխոսության սեղանին է դրել մի ծավալուն փաստաթուղթ՝ 85 էջից, որը վերնագրված է՝ «Հայաստանում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում»: Վերնագիրն արդեն իսկ խոսուն է, ծավալը՝ առավել եւս: Իսկ երբ ծանոթացանք փաստաթղթի բովանդակությանը, հասկացանք, որ սա մեկ օրվա գործ չէ: Անկախ նրանից, թե ինչ արդյունքի կհասնի Կոնգրեսն իր նշած «ճանապարհային քարտեզի» իրականացման հարցում, երբ խնդրին այսպիսի կոնցեպտուալ քաղաքական մոտեցում են դրսեւորում, հաճելի է: Չէ՝ մեր քաղաքական ուժերն էլ կարող են հիմնավոր աշխատանք կատարել եւ քաղաքակիրթ իմիջով հանդես գալ»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Իմ անձնական կարծիքով, նոր մարտի 1 հնարավոր չէ, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր տեղը չէին բերում հայաստանցուն, երեւանցուն, ՀՀ քաղաքացուն` տեղը բերեցին: Ռոբերտ Քոչարյանը չի մտածել, որ հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը համբերատար, խոհեմ, բայց եւ խստաբարո ժողովուրդ է, ներողամիտ, բայց երբեք թուլակամ: 2008 թվականի մարտի 1-ին Քոչարյանն առաջին անգամ տեսավ իրական Հայաստանը, իրական Հայաստանի քաղաքացուն: Իսկ քաղաքացին ոչ միայն չփախավ, այլեւ կանգնեց տանկերի առաջ: Առավոտյան ավանտյուրայից հետո, երբ ժողովուրդը կրկին հավաքվեց մայրաքաղաքի կենտրոնում, բոլորին հասկանալի էր, որ եկել է կամ-կամ-ի ժամանակը: Այդ օրը իշխանությունը կամ պետք է հեռանար, կամ էլ իրականացներ սպանդ»:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին հաջողվել է զրուցել Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացված 76 ոչ լեգիտիմ պատգամավորներից մի քանիսի հետ: Արագածոտնի մարզից ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով, ըստ ցուցակի, եռաֆազ հաշվիչների արտադրություն ունի Արմավիրում եւ սրճարաններ, թերթի հետ զրույցում ասել է. - «Եթե այդ ցուցակ կազմողների մեջ կա մեկը, որ ինձանից օրինապահ ու մաքուր է ապրում, պատրաստ եմ հենց ձեր խմբագրությունում հանդիպել նրա հետ, եւ եթե լրագրողների ներկայությամբ ապացուցվի, որ ես խախտում եմ օրենքը, խոստանում եմ պատգամավորի մանդատս տամ էդ մարդուն: Իսկ ինչ վերաբերում է սեփականությանը, ապա ես ունեմ 200 հատ ասեղ, 26 հատ «չանգյալ»: Եթե դրա համար պիտի ասեն ոչ լեգիտիմ, թող ասեն»: Լրագրողը հարցնում է. - «Իսկ պատրաստվում եք կրկին առաջադրվե՞լ»: Պատասխան. - «Եթե իմ ընկեր Կարեն Կարապետյանն ասի (նկատի ունի նախագահի աշխատակազմի ղեկավարին), որ պիտի դնեմ, ապա աբողջ երկիրն էլ դեմս որ դուրս գա, 75 տոկոսով կկրենք»:

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Հայաստանի այսօրվա իշխանությունները հեռու են ժողովրդավար լինելուց. նրանք սահմանափակում են խոսքի ազատությունը, վերահսկում են հեռուստաեթերը, բռնում են հանրահավաքների մասին իրազեկող երիտասարդներին, խոչընդոտում են նույն հանրահավաքների ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժը: Բայց կարո՞ղ ենք մենք արդյոք ասել, որ նման իշխանությունների դեմ պայքարում են այնպիսի զուլալ դեմոկրատներ, որոնք նույնը կամ ավելի վատը չեն անի: Ոչ, չենք կարող այդպիսի բան ասել: Հարցերի շարքը դրանով չի ավարտվում: Ինչպե՞ս է ստացվում, որ Կոնգրեսի աչքի լույսը համարվող մարդը մի թեթեւ անհամաձայնություն արտահայտելուց հետո դառնում է աչքի գրողը, որի դեմ իսկական քարոզչական գրոհ է սկսվում: Կարո՞ղ է այդ ամենը տեղի ունենալ առանց ընդդիմության առաջնորդի եթե ոչ ուղիղ ցուցումի, ապա` առանց խրախուսման: Եվ վերջապես, արդյոք այդ ամենը հիմք չի՞ տալիս ենթադրելու, որ իշխանության գալու դեպքում այդ նույն թիմի անդամները կշարունակեն սահմանափակել խոսքի ազատությունը, վերահսկել հեռուստաեթերը, խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժը եւ այլն»:

Lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Երեւանում պետք է լինի քաղաքակիրթ առեւտուր, փողոցներում չպետք է առեւտուր կազմակերպվի: Սակայն, Հայաստանի իրողություններից ելնելով, կարելի է վստահաբար պնդել, որ իշխանությանը մտահոգում է ոչ թե քաղաքակիրթ առեւտուրը, այլ այն, որ կատարյալ պայմաններ ապահովի սուպերմարկետների համար, որպեսզի մարդիկ ստիպված լինեն առեւտուր անել սուպերմարկետներում:Երեւանի սուպերմարկետները պատկանում են բացառապես օլիգարխների, պատգամավորների, կամ նրանց մերձավորներին, որոնք նաեւ տիրապետում են մենաշնորհների: Հայաստանում տնտեսական անկման ու գնողունակության նվազման պայմաններում սուպերմարկետների առեւտուրը նույնպես տուժել է: Նման պայմաններում, Հայաստանի իշխանությունը քայլեր է ձեռնարկում ոչ թե տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ, այլ վերացնում է սուպերմարկետների խեղճ ու կրակ կրպակ-մրցակիցներին: Չէ որ կրպակատերերը, ընդհանրապես շարքային հայ ժողովուրդը իշխանության համար ընդամենը համբալներ են, իսկ այ սուպերմարկետատերերը Հայաստանի տնտեսության սյուներն են, հայկական տնտեսագիտական մտքի թռիչքը»:
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG