Մատչելիության հղումներ

Նախկին աշխատակիցները հայց են ներկայացրել ընդդեմ «Երեւան ջուր» ընկերության


«Երեւան ջուր» ընկերության նա;խկին գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն:
«Երեւան ջուր» ընկերության նա;խկին գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն:
«Երեւան ջուր» ընկերության ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության ստորաբաժանման 36 նախկին աշխատակիցներ դատարանում պնդեցին, որ նախկին գլխավոր տնօրեն, ֆրանսիական «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչ Պասկալ Ռուայեն իրենց ավելի քան 3 ամիս առաջ աշխատանքից ազատելով` հաշվեհարդար է տեսել:

Այս տարվա ապրիլին աշխատանքից ազատված հայցվորները դատարանից պահանջում են վերացնել աշխատանքային պայմանագրերի լուծարման մասին գլխավոր տնօրենի հրամանները: Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության ստորաբաժանումը ստեղծվել էր անցյալ տարվա ապրիլին` գլխավոր տնօրենի նախաձեռնությամբ:

Հայցվորները նշում են, որ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ ակտեր են կազմել` պետբյուջե վերադարձնելով 166 միլիոն դրամ: Ավելի քան 5000 ապօրինի ջրօգտագործման դեպքեր են հայտնաբերել, խախտումները վերացնելու նպատակով ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության բաժնի տնօրեն Միքայել Դավթյանը նամակով դիմել է «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեին` նշվելով, որ եթե միայն 2010 թվականին հայտնաբերված ապօրինությունները ժամանակին կարգավորվեին, Երեւանում ջրի կորուստը 85 տոկոսի փոխարեն կլիներ 80 տոկոս:

Հայցվոր կողմի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ եթե ընկերությունը հաշվի առներ մասնագետների պնդումները, ջրի սակագինը կնվազեր 60 դրամով, «Երեւան ջուր» ընկերության հասույթն էլ կարող էր ավելանալ 33 տոկոսով:

Այս նամակը գլխավոր տնօրենը թողել է անպատասխան: Ապա ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության ստորաբաժանման ղեկավարը գրավոր բողոքել է «Երեւան ջուր» ընկերության տնօրենի վերադասին` «Վեոլիա» ընկերության եվրոպական տնօրինությանը:

Ի դեպ, այս գրությանն անմիջապես հետեւել է վերահսկողության բաժնի լուծարման հրամանը: «Երեւան ջուր» ընկերության ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը, սակայն, նշեց, որ հայցվորները ընկերության գործունեությանն անդրադարձել են այն ժամանակ, երբ գլխավոր տնօրենը մեկ ամիս առաջ արդեն համապատասխան նամակով դժգոհություններ էր ներկայացրել:

«Պասկալ Ռուայեի այս նամակի հիմքերը իրականությանը չեն համապատասխանում, այդ նամակով նա հող էր նախապատրաստում իր հետագա քայլերի, այսինքն «Երեւան ջուր» ընկերության ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության բաժնի լուծարման համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության ստորաբաժանումը ղեկավարած Միքայել Դավթյանը:

Նշեմ, որ դատական գործընթացի մեկնարկին զուգահեռ «Երեւան ջուր» ընկերության ֆրանսիացի գլխավոր տնօրենը լքել է Հայաստանը` տեղափոխվելով այլ աշխատանքի:

Հայցվոր կողմը դիմել է Հայաստանի նախագահին, վարչապետին, Երեւանի քաղաքապետին:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանում հրապարակեց կառավարության պաշտոնական դիրքորոշումը «Երեւան ջուր» ընկերության գործունեությանն առնչվող դժգոհությունների կապակցությամբ:

«Երեւան ջուր» ընկերության նախկին աշխատակիցները նշում են, որ դատարան են դիմել, քանի որ, բացի աշխատատեղերի խնդիրներից, իրենց հուզում է Հայաստանի ընդերքի հարստության` ջրի արդյունավետ օգտագործման հարցը:

«Արժանապատվության խնդիր է, ինքնասիրության խնդիր է: Մենք բոլորս էլ բարձր որակավորման մասնագետներ ենք, աշխատանքի տեղավորման խնդիր չկա, բայց սրտացավ ենք մեր երկրի ընդերքի համար, մեր ժողովրդի ապագայի համար: Միանշանակ պայքարելու ենք մինչեւ վերջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը:
please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG