Մատչելիության հղումներ

Իշխանության ներկայացուցիչները իրենց տեսակետները կներկայացնեն հաջորդ շաբաթ


Արտահերթ ընտրությունները՝ երկխոսության օրակարգում
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

ՀԱԿ-Իշխանություն երկխոսության այսօրվա օրակարգում քննարկվել է արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Ընդդիմություն-իշխանություն հաջորդ հանդիպումը կլոր սեղանի շուրջ կկայանա օգոստոսի 16-ին:

Իշխանության եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատվիրակները այսօր ավելի քան հինգ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկեցին լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը:

Երկխոսության օրակարգում այս հարցը ներառվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջարկով:

Այսօր ՀԱԿ-ի ներկայացուցիչներն իրենց առաջարկն հիմնավորող 87 էջից բաղկացած մի փաստաթուղթ էին պատրաստել, որը ներկայացվեց իշխանության աշխատանքային խմբին:

Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի իշխանական համակարգը «ոչ լեգիտիմ» է, «լիովին հակաժողովրդավարական», «կոռումպացված», «հաշվետու չէ ժողովրդին», «բացառապես սպասարկում է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների տնտեսական շահերը»: Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հիմնավորումներում առանձին գլուխներ են հատկացված «2008-ի նախագահական կեղծված ընտրություններին», «Մարտիմեկյան սպանդին», «Չբացահայտված սպանություններին», «Ոճրագործության պարտակմանը», «Ընդդիմադիրների նկատմամբ ձեռնարկված քաղաքական հալածանքներին», խոսվում է նաեւ դատական իշխանության «բացակայության», տնտեսական խնդիրների, «աղետալի չափերի հասնող արտագաղթի» մասին:

«Այդ համակարգը ձեւավորվել է ժողովրդի կամքը ամբողջությամբ աղավաղող, համատարած եւ լայնածավալ ընտրակեղծիքների եւ բռնությունների արդյունքում», - հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: - «Ժողովրդի կողմից չընտրված իշխանության բռնի պարտադրման ընթացքում [համակարգը] չի խորշել սեփական ժողովրդի վրա կրակելուց եւ 10 անմեղ մարդկանց սպանելուց: Ժողովրդի խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով ներքաղաքական խնդիրների մեջ է ներքաշել եւ օգտագործել Հայաստանի զինված ուժերը, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է»:
Լեւոն Զուրաբյան.
Երկրի խորհրդարանը վերածվել է մի լոբբիստական, կոռուպցիոն կառույցի ...

ՀԱԿ-ը կոալիցիային է ներկայացրել 76 պատգամավորների անուններ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրությամբ, ինչը եւս Սահմանադրության խախտում է: Ցուցակում ընդգրկված են Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, իշխանական Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ղեկավարների, պատգամավորների, ինչպես նաեւ ընդդիմադիր Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչների անուններ:

Հայ ազգային կոնգրեսի տվյալներով, օրինակ, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին են պատկանում Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, Արտաշատի մեխանիկական գործարանը, «Արտֆուդ» ընկերությունը, «Արտաշատ» գաստրոնոմը, «Արտաշատ» հյուրանոցային համալիրը, Մխչյանի մեխանիկական գործարանը, մի շարք այլ գործարաններ, գազալցակայաններ եւ բենզալցակայաններ:

Լեւոն Զուրաբյանի խոսքով. - «Երկրի խորհրդարանը վերածվել է մի լոբբիստական, կոռուպցիոն կառույցի, որում ընդգրկված պատգամավորների ճնշող մեծամասնությունը, Սահմանադրության խախտումով զուգահեռաբար զբաղվելով գործարարական գործունեությամբ, ծառայեցնում է պետության օրենսդիր իշխանությունը` սեփական հարստացման գործին»:

ՀԱԿ-ը համոզված է, որ լեգիտիմ իշխանության հաստատումն ու երկրում սահմանադրական կարգի վերականգնումը անհրաժեշտություն է, իսկ որպես խնդիրների լուծման ուղի` պահանջում է նախ արտահերթ նախագահական, այնուհետեւ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Դավիթ Հարությունյան.
Կան որոշ փաստեր, որոնց հետ մենք համամիտ ենք: Այլ խնդիր է` մենք համաձայն չենք եզրահանգումներին...

Ինչպես Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, իշխանական պատվիրակության ներկայացուցիչները այդ ժամերի ընթացքում իրենց շատ ուշադրությամբ լսել են, սակայն ՀԱԿ-ի ներկայացրած հիմնավորումների շուրջ քննարկում այսօր չի ծավալվել` իշխանության ներկայացուցիչները մեկ շաբաթ ժամանակ են խնդրել իրենց տեսակետները ներկայացնելու համար:

ՀԱԿ–ի հետ բանակցելու նպատակով իշխանական կոալիցիայի ձեւավորած աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը փոխանցեց իրենց նախնական կարծիքը ընդդիմադիրների ներկայացրած հիմնավորումների վերաբերյալ:

«Մի մասը փաստեր են, մի մասը` գնահատականներ: Գնահատականների մասով` մենք ունենք տարբեր գնահատականներ: Ինչ վերաբերում է փաստերին, դրանց մի մասը, մեր կարծիքով, ճշգրիտ չի ներկայացված: Փաստերի մյուս մասի հիման վրա կատարվող եզրակացությունները եւս ճշգրիտ չեն, եւ մենք պատրաստվում ենք մյուս հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը, ներկայացնել մեր գնահատականը ներկայացված փաստարկներին եւ հիմնավորումներին», - նշեց Դավիթ Հարությունյանը:

ՀԱԿ–ի պատվիրակությունը կոալիցիայի աշխատանքային խմբի հետ նախորդ հանդիպումների ժամանակ բարձրացրել էր ընդդիմության հանրահավաքների նախօրեին ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ ճնշումների, իսկ հանրահավաքների օրերին մարզերից Երեւան ընդդիմության համակիրների ազատ տեղաշարժվելու սահմանափակումների խնդիրը։

Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները առաջարկել էին փաստեր ներկայացնել, ինչը ՀԱԿ պատվիրակությունը արել էր՝ ներկայացնելով, մասնավորապես, ընդդիմության հանրահավաքների մասին իրազեկող թռուցիկներ փակցնող ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստը։

Այս առիթով այսօր Դավիթ Հարությունյանը նկատեց, որ իրենք պատրաստվում են համապատասխան ուսումնասիրություն կատարել եւ փաստի առնչությամբ այժմ կատարվում է հետաքննություն։

Ինչ վերաբերում է ընդդիմության հանրահավաքների օրերին մարզերից Երեւան միջքաղաքային երթուղիների դիտավորյալ արգելափակման մասին պնդումներին, կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավարը ասաց. – «Տրանսպորտի աշխատանքի խափանմանը վերաբերող հայտարարությունները իրարամերժ են, բայց եղել են դեպքեր, դրանք ուսումնասիրելու համար էլ օրինազանցների նկատմամբ վարչական վարույթ է ձեռնարկվել: Երաշխավորեցինք, որ մենք մեր կողմից եւս կիրականացնենք մոնիտորինգ հաջորդ հանրահավաքի օրը, որպեսզի տեղեկատվությունը լինի հնարավորինս ճշգրիտ: Ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, այն քայլեր կձեռնարկի որպեսզի այդ օրը խափանում չլինի` հաշվի առնելով հարցի քաղաքական երանգը, որը այսօր առկա է»։

please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG