Մատչելիության հղումներ

Երեւանում կապամոնտաժվի մի քանի հազար կրպակ. կրպակատերերը բողոքում են


Երեւանի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվելու են մայրաքաղաքում գործող անօրինական եւ չգործող, ինչպես նաեւ ժամկետանց պայմանագրերով գործող եւ քաղաքաշինական չափորոշիչների չհամապատասխանող կրպակները:

Նախնական տվյալներով` կապամոնտաժվեն մի քանի հազար կրպակներ:

Քաղաքապետարանի տվյալներով, արդեն ապամոնտաժվել են 1200 «չգործող կամ իրավական թերի հիմքերի վրա գործող» կրպակներ: Կրպակների գույքագրումը շարունակվում է:

Կրպակատերերն ասում են, որ դա նշանակում է մի քանի հազար մարդու թողնել առանց օրվա հացի: Եվ դա այն դեպքում, երբ իրենք մուծում են հարկերը, իսկ որոշ հարկեր (օրինակ ոգելից խմիչք եւ ծխախոտ վաճառելու լիցենզիայի հարկերը) արդեն մուծել են ամբողջ տարվա համար:

Այսօր վաղ առավոտից հարյուրից ավելի կրպակատերեր հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց եւ բողոքում էին, իրենց ձեւակերպմամ, այդ անմարդկային որոշումից: Նրանք ասում են, որ իրենց տրված գրավոր նախազգուշացումները չեն պարունակել համապատասխան որոշման կամ քաղաքապետի հանձնարարականի մասին ինֆորմացիա: Գրված է եղել միայն, որ 3 օրվա ընթացքում կրպակը կապամոնտաժվի:

«Մատակարարման տարեկան պայմանագրեր ունենք, բիզնես վարկ ենք վերցրել բանկերից, ախր այսպես` միանգամից 3 օր ինչպե՞ս կարելի է…», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Երեւանի ոչ բոլոր կրպակները կապամոնտաժվեն:

«Նման որոշում կա` ապամոնտաժել բոլոր ժամկետանց [պայմանագրերով գործող], չգործող, անօրինական կրպակները: Նաեւ բոլոր գլխավոր, կենտրոնական փողոցների վրա գտնվող, այսինքն` քաղաքաշինական որոշ չափորոշիչների չհամապատասխանող կրպակները, որոնք պայմանագրային ժամկետի մեջ են ապամոնտաժել, սակայն կրպակատերերի հետ փոխընդունելի համաձայնագրեր կնքելով: Դա ենթադրում է, որ իրենց կառաջարկվեն այլ տեղեր», - պարզաբանեց քաղաքապետի մամուլի քարտուղարը:

Նա նաեւ ավելացրեց, որ բակային տարածքներում գտնվող կրպակները չեն ապամոնտաժվելու:

Հարցի առնչությամբ այսօր քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները:

Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քաղաքապետը չի խոստացել դադարեցնել կրպակների ապամոտնաժումը մինչեւ հարցի վերջնական լուծումը:

Դեռեւս օգոստոսի 2-ին, հիշեցնենք, Ստյոպա Սաֆարյանը պաշտոնապես դիմել էր Երեւանի քաղաքապետին` առաջարկելով առժամանակ ձեռնպահ մնալ կրպակների հարկադիր ապամոնտաժման աշխատանքներից ու քաղաքապետարանում շահագրգիռ անձանց ու կրպակատերերերի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել խնդրի քննարկում: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը այսօրվա հանդիպման ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչներին հայտնել է, որ առաջիկա օրերին քաղաքապետարանում անպայման կնշանակվի հիշյալ քննարկումը:

Պատգամավորները եղել են նաեւ կառավարությունում, որտեղ նրանց խոստացել են հետեւել հարցի լուծման ընթացքին:

«Մեր կողմից առաջարկ եղավ, որպեսզի կառավարությունը նույնպես իր ներկայացուցիչն ունենա այդ քննարկման ժամանակ», - հավելեց Սաֆարյանը:

Քննարկմանը օրը դեռ որոշված չէ, իսկ կրպակների ապամոնտաժման գործընթացը դեռ շարունակվում է:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG