Մատչելիության հղումներ

Օգոստոսի 6-ի մամուլ


«Հրապարակի» խմբագրականում կարդում ենք. - «Փոքր երկրի պարագայում արտագաղթի հետեւանքներն ավելի ակնառու են լինում: Աչքիդ առաջ, օրեցօր արձանագրում ես մտքի, ինտելեկտի, մասնագետների, խիզախության, քաղաքացիական կեցվածքի նվազումը: Արձանագրում ես ու սարսռում՝ վերջը՞: Գնում են լավերը, ճարպիկները, առաջադեմները: Կա՞ արդյոք մի ասպարեզ, որտեղ չկա որակյալ կադրերի պակաս: Վստահ եմ, որ ոչ: Բոլորն են բողոքում: Լավ բժիշկների, դասախոսների, քաղաքագետների, ծրագրավորողների, դերձակների, շինարարների, մենեջերների, թարգմանիչների… բոլորին չթվարկեմ, պակաս կա ամենուրեք: Նրանց մի մասն այսօր տքնում է արտերկրում, հաճախ ոչ իր մասնագիտությամբ: Եվ ո՞վ է հաշվել, թե սա ինչ է նստում մեր պետության վրա եւ ինչքանով է բարդացնում մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների լուծումը»:

Lragir.am-ը գրում է. - «Գալուստ Սահակյանը Հայ ազգային կոնգրեսին հիշեցրել է, թե Կոնգրեսը միակ ուժը չէ ու իշխանությունը միայն Կոնգրեսի հետ չէ, որ երկխոսում է: Գալուստ Սահակյանը հիշեցրել է Ժառանգության եւ Դաշնակցության մասին: Ըստ երեւույթին, իշխանությունը «Երկխոսություն» բաց բաժնետիրական ընկերություն է բացել ու Հայ ազգային կոնգրեսին էլ հորդորում է չհավակնել բոլոր բաժնետոմսերին, քանի որ պետք է դեռ բաժին հանել նաեւ Ժառանգությանն ու Դաշնակցությանը: Իշխանությունը փորձում է հավասարակշռել իրավիճակը ընդդիմադիր դաշտում եւ թույլ չտալ, որ Կոնգրեսը վերջնականապես չեզոքացնի Ժառանգությանն ու Դաշնակցությանը: Դրանով, նաեւ խթանվում է ընդդիմադիր դաշտի սուր մրցակցություն, ինչն անկասկած իշխանության համար շահեկանորեն լղոզում է ընդդիմադիր ընտրազանգվածը: Ու թեեւ Գալուստ Սահակյանն ասում է, թե իշխանությունը չի գնում արտահերթ ընտրության, որովհետեւ դա ձեռնտու չէ պետությանը, այդուհանդերձ հավանական է, որ իշխանությունը կգնա դրան, քանի որ երբ նժարի վրա են դրվում պետական եւ սեփական շահերը, իշխանությունն ընտրությունը միշտ կատարում է երկրորդի օգտին: Առավել եւս, որ Գալուստ Սահակյանն ինչ որ առումով նաեւ ազնիվ է. արտահերթ ընտրությունը, որտեղ հաղթելու է ՀՀԿ-ն, իսկապես ձեռնտու չէ պետությանը»:

«Հայկական ժամանակի» խմբագիրը գրում է. - «Երեք տարի Սերժ Սարգսյանը փորձում էր սեփական դիրքերն ամրացնել բռնության եւ հետապնդումների պետական մեխանիզմը գործի դնելով: Նա հույս ուներ այդպիսով ոչնչացնել Համաժողովրդական շարժումը, բայց երեք տարի անց տեսավ, որ բռնությունները, հետապնդումները, քաղբանտարկյալների առկայությունը ոչ միայն չեն կոտրել ժողովրդական ընդվզման պոտենցիալը, այլեւ ավելի անկանխատեսելի են դարձրել այն: Ինչի հաշվին պիտի ուժեղանա իշխանությունը. բիզնեսի բոլոր ոլորտները արդեն իսկ գտնվում են իրենց վերահսկողության տակ, բոլոր հնարավոր պաշտոնները` սկսած համատիրությունների ղեկավարներից, ուսանողական խորհուրդներից, բուհերի կառավարման խորհուրդներից, իրենց վերահսկողության տակ են: Այսինքն` 2008-ից հետո իշխանությունը պահելու համար Սերժ Սարգսյանը այնքան է կենտրոնացրել իշխանական եւ բիզնես լծակները, որ հիմա ավելացնելու որեւէ բան չի մնացել, ասել է, թե իշխանությունը չունի ուժեղանալու որեւէ պոտենցիալ»:

«Առավոտի» խմբագրականում կարդում ենք. - «Ցանկացած մտածող մարդ Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում պետք է անի այնպես, որ լարվածությունը մեր ժողովուրդների միջեւ թուլանա: Նախագահներն ու արտգործնախարարները բանակցում են. ձեւեր են թափում, թե իսկապես են խաղաղության ձգտում` դժվար է ասել: Ադրբեջանում դրան զուգահեռ` քարոզում են Հայաստանի եւ հայերի դեմ, եւ դա միանգամայն հասկանալի է. պարտությունը ռազմի դաշտում նրանք պետք է փոխհատուցեն «խոսքային հաղթանակներով»: Աստված մի արասցե, եթե մենք պարտվեինք, նույնն էինք անելու: Դրան պետք է ավելացնել քաղաքական ռեժիմների տարբերությունը. Հայերի հետ երկխոսելու ժամանակ Ադրբեջանի հասարակական գործիչները հաճախ կաշկանդված են այն հանգամանքով, որ պիտի ներկայացնեն պաշտոնական տեսակետը եւ հետո պետության ներկայացուցիչներին հաշվետվություն տան, թե ինչպես են իրենք «կռիվ տվել» հայերի դեմ: Հայաստանի պատվիրակները նման սահմանափակումներ, որպես կանոն, չունեն»:

«Հայոց աշխարհի» մեկնաբանը քննարկում է ռուսական լրատվամիջոցներին նախագահ Մեդվեդեւի` երեկ տված հարցազրույցը. - «Հասկանալու համար Մոսկվայի հարավկովկասյան քաղաքականության շեշտադրումների փոփոխության պատճառները` հարկավոր է նկատի ունենալ մի քանի ամենեւին էլ ոչ երկրորդական հանգամանքներ։ Առաջին. ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածության մեծացման արտահայտությունը դարձած ամերիկյան օրենսդիրների հերթական որոշումը Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերաբերյալ առաջ է բերել պաշտոնական Մոսկվայի խոր դժգոհությունը։ Երկրորդ. ռուսական լրատվամիջոցները եւ քաղաքագետները ավելի ու ավելի ուժգնացող անհանգստությամբ ու կասկածանքով են նայում Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորացմանը, որոնք ակնհայտորեն ուղղվում են ՆԱԲՈՒԿԿՈ-ի շինարարության եւ ընդհանրապես՝ արեւմտյան շահերի սպասարկման նպատակակետին։ Երրորդ. Ադրբեջանն իրեն «լավ չի պահում» նաեւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետագա ճակատագրի հստակեցման հարցում»։
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG