Մատչելիության հղումներ

Կոալիցիան պատրաստ է ՀԱԿ-ին համոզել, որ արտահերթ ընտրությունների կարիք չկա


Գագիկ Մինասյան
Գագիկ Մինասյան
Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանի խոսքով, իշխող կոալիցիան պատրաստ է երկխոսության միջոցով համոզել ՀԱԿ-ին, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների կարիք չկա:

«Մեր համոզմամբ, այն իրավիճակը, որը այսօր կա Հայաստանում, ճգնաժամային չէ: Մենք ունենք բազում խնդիրներ, եւ այդ խնդիրների ուղղությամբ մենք կատարում ենք բազմաթիվ քայլեր: Եվ այդ բազմաթիվ քայլերը մենք պատրաստ ենք ներկայացնելու, որպեսզի համոզենք մեր գործընկերներին, որ իրավիճակի իրենց ընկալումը, որից իրենք ելք են տեսնում արտահերթ ընտրությունների միջոցով, չի համապատասխանում իրողություններին», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մինասյանը, ով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանն շրջանակներում կոալիցիայի ձեւավորած աշխատանքային խմբի անդամ է:

Ինչպես հայտնի է, երեկ կայացավ իշխանության եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների թվով երրորդ հանդիպումը, որի արդյունքում որոշվեց հաջորդ շաբաթվանից կրկնապատկել հանդիպումների պարբերականությունը` հանդիպել շաբաթը երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, ինչպես նաեւ մշակվեց հաջորդ հանդիպումների աշխատակարգը:

«Քննարկումների ընթացքը ինձ հույս է տալիս կարծելու, որ երկուստեք մենք ունենք գերակա նպատակներ եւ այդ նպատակներին հասնելու համար մենք կհաղթահարենք բոլոր այն պրոբլեմները, որոնք կան, կամ ընթացքում կառաջանան», - հավելեց Գագիկ Մինասյանը:

Այսօր նաեւ ասուլիս էր հրավիրել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ով նշեց, թե այսօր Հանրապետականը միայն ՀԱԿ-ի չի երկխոսում:

«Հանրապետական կուսակցությունը ցանկացած կուսակցության հետ շատ բաց է ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ իր գրասենյակում, ե՛ւ ամենուր… օրինակ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», սոցիալիստներ, կոմունիստներ… ովքեր որ ցանկանում են մեզ հետ որեւէ հարցով քննարկել, մենք պատրաստ ենք քննարկման», - նշեց Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի ճշտող հարցին, թե, օրինակ, ՀՅԴ-ի հետ վերջին անգամ ե՞րբ են երկխոսել, Հանրապետական խմբակցության ղեկավարը արձագանքեց. - «ՀՅԴ-ի հետ այսօր էլ եմ երկխոսում` Ազգային ժողովում: Երկխոսել չի նշանակում վերամբարձ ասել` գիտեք, «Օջախում» չենք ուզում, բայց Կառավարության տունը ավելի օջախային իրավիճակ է, գնանք այնտեղ, որ ամբողջ աշխարհը տեսնի, ասի` վայ, Կառավարության տուն… հլա տեսեք էս ինչ քաղաքական ուժ է եկել»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը, պարզաբանելով ՀՅԴ-Հանրապետական երկխոսությանն մասին Գալուստ Սահակյանի հայտարարությունը, ասաց. - «Այսինքն, այն գործունեությունը որ կա, իրականում երկխոսություն է, իրականում գործակցություն է: Այս մասին է խոսքը: Առանձնահատուկ բան չկա` մեր աշխատանքն է խորհրդարանում, այլ բան չկա»:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների անցկացման համար այսօր հիմքեր չկան, բայց եթե նման ընտրություններ, այնուամենայնիվ, լինեն, ապա դա շահավետ կլինի Հանրապետականի համար:

«Արտահերթ ընտրությունները ամենաշատը մեզ է ձեռ տալիս, բայց ժողովրդին ձեռ չի տալիս, որովհետեւ նորից Հանրապետականը կլինի իշխանության մեջ, նորից ՀԱԿ-ը միտինգներ կանի, նորից երկխոսությանն պլաններ կլինեն: Դրա համար ասում ենք` ընտրությունները թող կազմավորված լինի բոլոր քաղաքական դերակատարների ներկայությամբ», - ասաց Գալուստ Սահակյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG