Մատչելիության հղումներ

Թուրքական բանակում իրականացված կադրային փոփոխությունները` Էրդողանի հաղթանակ


Վարչապետ Էրդողանը Գերագույն ռազմական խորհրդի նիստում:
Վարչապետ Էրդողանը Գերագույն ռազմական խորհրդի նիստում:

Ընդամենը վեց օր պահանջվեց Թուրքիայի իշխանություններից հրաժարական ներկայացրած բանակային հրամանատարների թափուր պաշտոնները լրացնելու համար:

Գերագույն ռազմական խորհրդի` երկուշաբթի օրվանից գրեթե անդադար շարունակված նիստն այսօր ի վերջո որոշեց, թե ովքեր են առաջիկա չորս տարիներին ղեկավարելու երկրի Զինված ուժերը:

Իշխող իսլամիստներին մոտ կանգնած Zaman օրաթերթի գնահատմամբ, սա վարչապետ Էրդողանի հերթական քաղաքական հաղթանակն էր: Եվ պատահական չէ, որ Թուրքիայի կառավարության ղեկավարն անձամբ ժամանեց Զինված ուժերի Գլխավոր շտաբ` հրապարակելու քառօրյա խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այսպիսով մինչեւ 2015 թվականը թուրքական Գլխավոր շտաբը ղեկավարելու է Ռազմական ոստիկանության արդեն նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Նեջեթ Օզելը:

«61-ամյա գեներալը հայտնի է ժողովրդավարական արժեքներին իր հավատարմությամբ: Բանակային կարիերայի ընթացքում Օզելը միշտ խուսափել է քաղաքական անցուդարձին միջամտելուց: Ավելին` մի շարք թուրք վերլուծաբանների կարծիքով, Օզելի նշանակումը ազդարարում է այն դարարաշրջանի ավարտը, երբ բանակային հրամանատարներն իրենք իրենց հռչակել էին վարչակազմի պահապաններ եւ շատ հաճախ հակադրվում էին ժողովրդավարական ճանապահով ընտրված կառավարություններին», - գրում է Zaman-ը:

Թուրքական լրատվամիջոցները հատուկ ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ առաջին անգամ երկար տասնամյակների ընթացքում կառավարության ղեկավարը միանձնյա էր ղեկավարում Գերագույն ռազմական խորհրդի նիստը:

«Հեռուստատեսային այս պատկերը թերեւս ամենասքանչելին էր թուրքական ժողովրդավարության պատմության մեջ», - ասել է փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: Էրդողանի մեկ այլ ազդեցիկ կողմանկից էլ` Բյուլենթ Առինջը հայտարարել է. - «Անատոլիայում մի այսպիսի խոսք կա` ցանկացած գյուղ մեկ գյուղապետից ավելի չպետք է ունենա»:

Reuters-ի գնահատմամբ, նոր նշանակումները կարելի է բնութագրել որպես փոխզիջումային. - «Նորանշանակ գեներալները եւս առանձապես մեծ սեր չեն տածում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հանդեպ: Այդուհանդերձ Էրդողանը կարող է հանգիստ լինել, որ նորանշանակ հրամանատարները աչք չեն փակի իրենց ենթակաների հնարավոր հակակառավարական դավադիր գործողություների վրա»:

Փոխզիջման մասին է վկայում նաեւ այն իրողությունը, որ նորանշանակ հրամանատարների մի մասն իրոք ընդգծված հակաիսլամիստական դիրքորոշում ունի:

Այսպես, Ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնում գեներալ Հայրը Քըվըրըքօղլույի նշանակումը կարող է որոշակի դժգոհություններ առաջանցել իսլամիստական շրջանակներում: Սա այն հրամանատարն է, որ ղեկավարելով Հյուսիսային Կիպրոսում տեղակայված թուրքական զորախումբը, ցուցադրաբար հրաժարվեց օդանավակայան գալ` դիմավորելու պաշտոնական այցով կղզի ժամանող նախագահ Գյուլին:

Նորանշանակ հրամանատարներից եւս մեկը` Ռազմական ակադեմիաների նոր ղեկավար գեներալ Ասլան Գյուները նույնպես լարված հարաբերություններ ունի նախագահ Գյուլի հետ:Մի քանի տարի առաջ` նախագահական «Չանկայա» պալատում կազմակերպված ընդունելության ժամանակ նա բոլորի ներկայությամբ հրաժարվել էր սեղմել առաջին տիկնոջ ձեռքը: Ընդհանուր առմամբ, սակայն, ի մի բերելով վերջին օրերի իրադարձությունները, կարելի է արձանագրել` Էդողանի կառավարությանը ոչ միայն հաջողվեց կանխել բանակի շարքերում հասունացող ճգնաժամը, այլեւ բոլոր զորատեսակների հրամանատարների պաշտոններում նշանակել քիչ թե շատ կանխատեսելի պահվածք որդեգրած զինվորականների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG