Մատչելիության հղումներ

Օբամա. «Լավագույն նվերը պետպարտքի մարումը կլիներ»


Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահը նշում է ծննդյան 50-ամյակը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ նվեր կուզենար ստանալ
ծննդյան 50-ամյակի առիթով, Բարաք Օբաման ասել է. - «Ամենից շատ կցանկանայի, որ մենք որքան հնարավոր է արագ մարենք մեր պետական պարտքը»։

Այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն արվել է. Կոնգրեսի երկու պալատները` Ներկայացուցիչների տունն ու Սենատն օրերս ընդունել են պետպարտքի շեմը 14 տրիլիոն 300 միլիարդից 16 տրիլիոն 700 միլիարդի հասցնելու եւ առաջիկա տասնամյակում պետության ծախսերը 2 տրիլիոն 100 միլիարդով կրճատելու նախագիծը։

Օրենսդիրները նաեւ որոշել են կազմել հատուկ հանձնաժողով, որը պետք է մշակի եւս մեկեւկես տրիլիոն դոլար խնայելու ծրագիր։

Ինչպես ամերիկացի մեկնաբաններն են նշում, թեժ շաբաթների քննարկումներն ավարտվել են, նախագիծն արդեն օրենքի ուժ է ստացել, մնացել է ամենակարեւորը` կյանքի կոչել այդ ծանր ծրագիրը, որը ստիպելու է ոչ միայն կառավարությանը, այլեւ տասնյակ միլիոնավոր շարքային ամերիկացիներին «ձգել գոտիները»։

Իսկ ինչպե՞ս է նախագահը նշելու իր հոբելյանը։ «Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, վարչակազմի աշխատակիցներն իրենց ղեկավարին շնորհավորելու համար կհավաքվեն Սպիտակ տան Կապույտ սրահում։

Արդեն երեկոյան Բարաք Օբաման, առաջին տիկին Միշելն ու նրանց դուստրերը` Մալիան ու Սաշան, ինչպես նաեւ ամենամտերիմ ազգականների եւ բարեկամները նախագահի 50-ամյակը կտոնեն Մերիլենդ նահանգում գտնվող Քեմփ Դեւիդի նախագահական հանգստյան տանը։

ԱՄՆ-ում գործնականում արդեն մեկնարկել է 2012 թվականի նախընտրական արշավը։ Բարաք Օբաման երեկ Չիկագոյում մասնակցել է դրամահավաքի, որին ներկա էր 2400 մարդ, այդ թվում` քաղաքական եւ հասարակական գործինչներ, ինչպես նաեւ ամերիկյան երաժշտության առաջին մեծության աստղեր Ջենիֆեր Հադսոնը, Հերբի Հենքոկը եւ անվանի այլ արվեստագետներ։

Ըստ վերլուծաբանների, Օբամայի համար այսօր բարդ ժամանակաշրջան է, նրա վարկանիշը 40 միավորից էլ իջել է, դա ամենացածր ցուցանիշն է իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում։

«Գիտեմ, որ մենք մեծ աշխատանք պետք է կատարենք մեր տնտեսության համար։ Նշանակություն չունի, թե ինչքան թեժ է երբեմն լինում Վաշինգթոնում։ Ես իմ թիկունքում ձեր աջակցությունն եմ զգում, դրա համար էլ վստահ եմ, որ միասին կկարողանանք կյանքի կոչել անհրաժեշտ փոփոխությունները», - ասել է նախագահը։

Տասնյակ երկրների ղեկավարներ շնորհավորում են Բարաք Օբամային։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բարաք Օբամային հասցեագրած շնորհավորական ուղերձում բարձր է գնահատել ԱՄՆ-ի ղեկավարի գործադրած ջանքերը երկու երկրների համագործակցության զարգացման ուղղությամբ։

«Մեր ժողովուրդների միջեւ ավանդական ջերմ հարաբերությունները եւ պետությունների միջեւ հատկապես վերջին շրջանում ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ունեն հետագա զարգացման եւ ամրապնդման զգալի ներուժ: Մենք վճռական ենք խորացնելու եւ ավելի ամրապնդելու մեր երկրների միջեւ համակողմանի կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - ասվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG