Մատչելիության հղումներ

«Երկխոսություն հանուն երկխոսության չի լինելու»


ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը (ձ) եւ կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: 18-ը հուլիսի, 2011 թ.
ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը (ձ) եւ կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: 18-ը հուլիսի, 2011 թ.

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը իշխանությունների հետ երկխոսության ընթացքում կենտրոնանալու է ոչ թե իր գնահատականները հիմնավորելու, այլ լուծումների հասնելու վրա:

«Ի վերջո, ժողովուրդը, ամբողջ հասարակությունը մեզանից սպասում է ոչ թե կարծիքների փոխանակում կամ կարծիքների ճշտում, այլ շատ կոնկրետ արդյունքեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը ասաց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` շարունակելով. - «Պրոցեսը շատ արագ ցույց կտա` արդյո՞ք մյուս կողմը պատրաստ է գնալ լուծումների, պատրա՞ստ է արդյոք հասնել արդյունքի, թե՞ ցանկանում է սահմանափակվել միայն կարծիքների փոխանակմամբ: Երկխոսության հանուն երկխոսության չի լինի: Սա մեր դիրքորոշումն է»:

Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության երեկվա հանրահավաքում հայտարարել էր` եթե առաջիկա մեկ-երկու ամսում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն, ապա ՀԱԿ-ը «ողջամիտ կոչված ժամկետը» սեպտեմբերին սպառված կհամարի եւ իր օրակարգում կունենա ընդամենը մեկ պահանջ` Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը:

Այս առնչությամբ ՀԱԿ-ի հետ երկխոսող իշխանական աշխատանքային խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Երկխոսության ֆորմատը բացառում է ուղղակիորեն ցանկացած ուլտիմատում, ցանկացած նախապայման եւ ցանկացած վերջնաժամկետ… Առաջին երկու հանդիպումները տալիս են լավատեսություն` պնդելու, որ մենք կկարողանանք իսկապես աշխատել եւ նորմալ արդյունք ունենալ»:

Վաղը կայանալիք երրորդ հանդիպումից առաջ կողմերը չեն ցանկանում բացել բոլոր խաղաքարտերը: Երկու պատվիրակությունն էլ այսօր քննարկումներ են անցկացրել` մարտավարությունը ճշտելու նպատակով: Դրանց մանրամասները, սակայն, չեն հաղորդվում:

Մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իշխանական կոալիցիան ներկայացնող Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) ասել էր, որ օգոստոսի 4-ի հանդիպման ժամանակ աշխատակարգն են սահմանելու:

Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ հենց վաղվանից էլ սկսեն օրակարգային հարցերի քննարկումը:

ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, թե «օրակարգն ընդունված է, պետք է անցնել առաջարկված հարցերի քննարկմանը»:

«Մենք երկու ռաունդ ենք անցկացրել, երկու ռաունդն էլ եղել են արդյունավետ: Երրորդ ռաունդում էլ մենք ակնկալում ենք նման մոտեցում իշխանությունների կողմից: Եթե դա կլինի` ավելի լավ, մենք կշարունակենք արդյունավետ առաջ շարժվել, եթե չլինի` դա արդեն կստեղծի պրոբլեմներ բանակցությունների ընթացքում», - ասաց Զուրաբյանը:

Նրա փոխանցմամբ` իրենք վաղը այլ հարցերի էլ են պատրաստվում անդրադառնալ, մասնավորապես` որ ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքի նախօրեին իշխանությունը «ճնշում է կիրառել» իրենց համակիրների նկատմամբ. - «Իշխանության գործողությունները վստահություն չեն ներշնչում այս երկխոսության նկատմամբ, որովհետեւ կարծես կարելի էր ակնկալել, որ երկխոսության պայմաններում իշխանությունները կհրաժարվեն ապօրինի ճնշումներից տրանսպորտային ընկերությունների վրա` մարզերից քաղաքացիների տեղափոխմանը Երեւան: Չենք խոսում այն մասին, որ նորից մեր երիտասարդների վրա, որոնք զբաղված էին իրազեկումով, հարձակումներ եղան: Մեր միտինգի իրազեկման հոլովակը որեւէ հեռուստատեսությամբ փաստորեն չգնաց, ինչը նշանակում է, որ այդ ապօրինի արգելքը հաղթահարված չէ: Այս ամենը, իհարկե, չի նպաստում վստահության մթնոլորտի ստեղծմանը»:

Զուրաբյանը հավելեց, որ վաղվա հանդիպմանը փաստարկված ներկայացնելու են բոլոր մտահոգությունները - «Դա իշխանության պատվիրակության դիրքորոշումն էր, որ նրանք պատրաստ են քննարկել բոլոր այդ փաստերը: Մենք փաստեր շատ ունենք»:

Երեկվա հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ մինչեւ օրս կայացած հանդիպումներում իշխանական պատվիրակությունը ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, կոռուպցիայի վերացմանը, արտագաղթի կանխմանը, Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը վերաբերող հարցերի վերաբերյալ լուծումներ չի առաջարկել, ինչը նշանակում է, որ իշխանությունը վերոհիշյալ խնդիրները լուծելու «ոչ մտադրություն, ոչ էլ կարողություն ունի»: Հետեւաբար, այլընտրանքի բացակայության պատճառով, ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով, այդ խնդիրների լուծման միակ հնարավորությունը մնում է արտահերթ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձեւավորումը:

Այս կապակցությամբ Նաիրա Զոհրաբյանը ասաց. - «Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք: Ես կարծում եմ, որ աշխատանքային խմբի մեր քննարկումներում լրջագույն հարցերի մենք անդրադառնալու ենք»:
please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG