Մատչելիության հղումներ

Հուլիսի 29-ին զորամասում զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներ առայժմ չկան


Հուլիսի 29-ին զորամասում ժամկետային զինծառայող Էդուարդ Ալավերդյանի մահվան գործով առայժմ ձերբակալվածներ չկան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանը` շարունակելով, թե նախաքննական մարմինն առայժմ զբաղված է ինքնասպանության հասցնելու կասկածանքով ապացույցների ձեռք բերմամբ:

19-ամյա Էդուարդ Ալավերդյանը Հրազդան քաղաքից էր: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, մարտական հենակետում ինքնաձիգով վիրավորել է ինքն իրեն` ինչը մահվան է հանգեցրել: Նախաքննությունը դեռ չի մանրամասնում, թե ով կամ ովքեր են նրան ստիպել դիմել ինքնասպանության, կամ արդյոք 14 ամսվա զինծառայողն ինքն է կյանքին վերջ տվել:

Պաշտոնական տվյալներով, 2010 թվականին հայկական զինված ուժերում գրանցվել է մահվան 54 դեպք, որի փոքր մասն է համարվում դժբախտ պատահար կամ թշնամու կրակոցի հետեւանք: Պաշտպանության նախարարությունն այս տարվա մահացության ընդհանուր դեպքերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չի հրապարակել: Տարվա առաջին կեսում, ըստ իրավապաշտպանների, բանակում մահացության 18 դեպք է գրանցվել: Միջին հաշվարկներով ստացվում է, որ ամեն ամիս բանակում գրանցվում է մահացության երեք դեպք:

Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, ով ուսումնասիրում է բանակում տեղի ունեցած մահվան դեպքերին հաջորդած քննություններն ու դատական գործընթացները, ասում է, թե խաղաղ պայմաններում արձանագրված մահվան դեպքերի վիճակագրությունը խոսում է «բանակում տիրող լկտիության մասին»:

«Երբ նախագահը կանչում է ծնողներին ու ասում, որ մենք կբացահայտնեք ամեն ինչ, եւ իրականում ոչ մի բան չի բացահայտվում, դա խոսում է այն մասին, որ դա միայն եւ միայն արվում է ցույց տալու, թե մենք պատրաստ ենք ինչ-որ բան փոխելու», - կարծիք հայտնեց իրավապաշտպանը: - «Իշխանությունները ոչ մի կամք չունեն: Չէ որ բանակը դա մեծ գումարների լվացման հետ կապ ունի, եւ այդ շրջանակում փողերը գնում են, ինչու չէ, նաեւ իշխանություններին»:

Կես տարի առաջ Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում սպանված 19-ամյա ժամկետային զինծառայող Գեւորգ Կոծինյանի մորեղբայրը` Բորիս Ադամյանը, ով նաեւ նրա իրավահաջորդն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե քանի դեռ բանակում կարգուկանոնի փոխարեն ամենաթողություն է տիրում, կշարունակվեն ինչպես սպանությունները, այնպես էլ ինքնասպանությունները:

Վանաձորցի 19-ամյա Գեւորգ Կոծինյանը մահացել էր զորամասում ծեծի հետեւանքով: Համաձայն հարուցված քրեական գործի, շարքայիններ Տարոն Սուվարյանը եւ Վահե Աղաջանյանը, կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը, ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը զինծառայողին այն աստիճան էին ծեծել, որ նա տեղում մահացել էր: Կոծինյանին ծեծած զիծառայողները կալանավորված են:

«Սպայական կազմը շատ դեպքերում ազդեցություն չունի որոշ խավի զինվորների վրա: Թողնում են սերժանտների, մյուս զինվորների հսկողության տակ, ու կատարվում է այն, ինչ տեսանք 6 ամիս առաջ», - ասում է Ադամյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի Վանաձորի գրասենյակը, ուսումնասիրելով մահացության դեպքերը բանակում, տվյալներ է հրապարակել հարուցված քրեական գործերի ճակատագրերի վերաբերյալ: Այս տարի արձանագրված 18 դեպքերից միայն 5-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել:

«Սա արվում է մնացած գործերը կոծկելու համար: Պետք է, որ պաշտպանության նախարարությունը լուրջ հետեւությունների հանգեր: Ես չեմ կարծում, որ հետեւություններ չեն արել, բայց համոզված եմ, որ համակարգը հնարավորություններ չունի խնդիրները լուծելու», - ասում է Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG