Մատչելիության հղումներ

Սուրբ ամիս ինքնակատարելագործվելու, ինքնամաքրվելու համար


Ռամադանը մուսուլմանական օրացույցի 9-րդ ամիսն է: Այս տարի այն նշվում է, օգոստոսի 1- 30-ը: Մեկ ամիս մուսուլմանները պահք են պահում: Նրանք ողջ ցերեկվա ընթացքում պատրաստվում են ճաշկերույթի, ուշ երեկոյան հյուր են գնում, հյուր են ընդունում եւ ճոխ հյուրասիրություններ են կազմակերպում: Իսկ եթե չեն կարողանում ծոմ պահել` անպայման փորձում են կերակրել գոնե մեկ աղքատի:

«Ռամադան մուբարակ». մահմեդականները այսպես են միմյանց շնորհավորում Ռամադանի ժամանակ: Զեյդ Հեյսինոն Սիրիայից է: Նա Սիրիայում ուսանողական միության հայաստանյան մասնաճյուղի նախագահն է: Չնայած Զեյդը դեռ Հայաստանում է, բայց երեկվանից պահքի մեջ է: Արեւածագից մինչեւ մայրամուտ հաց չի ուտում եւ ջուր չի խմում: Իսկ ուշ երեկոյան ուտում է իրենց ավանդական ճաշատեսակներից` թաբուլե եւ մածունով խուրմա: Հատուկ Ռամադանը նշելու համար, Զեյդն այսօր վերադառնում է Սիրիա:

«Սիրիայում տոնը նշելու հետ կապված հատուկ մի բան կա, որն ինձ շատ է դուր գալիս: Օրինակ, ես մուսուլման եմ, բայց իմ հարեւանությամբ ապրում է քրիստոնյա, այդ օրը երեկոյան նա ինձ հրավիրում է իր տուն ճաշկերույթի եւ դա փոխադարձ է: Այսպես կարծես տարբերություն չենք դնում մուսուլման, թե քրիստոնյա», - պատմում է Զեյդը:

«Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում, արեւելագետ Հայկ Քոչարյանը նշեց, որ սա պարտադիր է բոլոր այն մուսուլմանների համար, ովքեր առողջական խնդիրներ չունեն: Նրա խոսքով` բացառություններ կան հիվանդների, ծերերի, կերակրող մայրերի եւ երեխաների համար:

Հայկ Քոչարյանը նշում է, որ Ռամադանը սուրբ ամիս է համարվում եւ իսլամում այն օգտագործում են ինքնակատարելագործման, ինքնամաքրման եւ լավ գործեր անելու համար: Մուսուլմանները զերծ են մնում ցանկացած չար գործերից, անգամ չար մտքերից:

Զեյդը պատմում է, որ Սիրիայում իրենք Ռամադան ամսին մարդկանց հետ վեճերի չեն բռնվում, վատ քայլեր չեն անում, իրար չեն վիրավորում:

«Օրինակ, եթե ես վատ մարդ եմ, այս ժամանակ ես պետք է ինձ լավ պահեմ: Եթե մեկն ինձ խաբի կամ վատ բան անի` ես պետք է իրեն ուղղակի ասեմ, որ ես պահքի մեջ եմ եւ գնամ», - ասա Զեյդը:

«Մայրամուտից հետո ուտել կարելի է ամեն ինչ, եթե հաշվի չառնենք իսլամում հարամ համարվող ուտելիքները: Օրվա ընթացքում պահք պահողները պատրաստվում են ճաշկերույթի: Ուշ երեկոյան հյուր են գնում, հյուր են ընդունում եւ ճոխ հյուրասիրություններ են կազմակերպում: Իսկ եթե չեն կարողանում ծոմ պահել, ապա անպայման մի աղքատի պետք է փորձեն կերակրել: Իսկ պատերազմի դեպքում զինվորները տարվա ընթացքում, որոշակի օրերի պետք է լրացնեն այդ ծոմը»,- նշում է Քոչարյանը:

Այդ մեկ ամսվա ընթացքում մուսուլմանները հիմնականում զբաղվում են Ղուրանի ընթերցանությամբ: Վերլուծում են իրենց կյանքն ու տեղի ունեցող իրադարձությունները: Ըստ լուսնային օրացույցի ծոմի ամիսները շարժական են, եւ, եթե այն համընկնում է ամռան շոգ ամսիների հետ` աշխատանքային օրերը կրճատվում են:

Հայկ Քոչարյանի խոսքով` «Էյդ ուլ-ֆիտր»-ով ավարտվում է Ռամադան ամսվա ծոմը: Այն մուսուլմանական օրացույցում երկրորդ ամենամեծ տոնն է եւ տեւում է 3-4 օր: Այդ օրերին եւս կազմակերպվում են ճոխ խնջույքներ, հյուրասիրություններ ու տարբեր միջոցառումներ:

please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG