Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաքի նախաշեմին` Գյումրի - Երեւան երթուղում միկրոավտոբուս չկա


Այսօր Գյումրիի ավտոկայանից դեպի Երեւան ուղեւորվող միկրոավտոբուս չկար: Հավաքվածները մի քանի ժամ սպասելուց հետո կամ հետ էին վերադառնում կամ ստիպված 2500-3000 դրամ վճարում ու տաքսիներով էին հասնում Երեւան:

Ուղեւորներից մեկը նշեց, որ իրեն ասել են, թե Երեւանում հանրահավաք է, դրա համար էլ տրանսպորտ չկա:

Գյումրիի ավտոկայանի ենթակարգավար Գագիկ Ավետիսյանը, սակայն պարզաբանեց, որ ուրբաթ օրը Երեւանից Գյումրի ուղեւորների մեծ հոսք են ունեցել, եւ այսօր մեքենաների քանակը չի բավարարում ուղեւորներին Երեւան փոխադրելու համար:

Գյումրի - Երեվան երթուղին սպասարկում է «Տրանս Ակնթարթ» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, իսկ Երեւան – Գյումրի երթուղին սպասարկում է «Տիգրան» ՍՊԸ-ն: Երկու կողմից 28 միկրոավտոբուս է սպասարկում երթուղին:

Գագիկ Ավետիսյանի հավաստմամբ, այսօր 13 միկրոավտոբուս ուղարկել են եւ սպասում էին, թե Երեւանից երբ են վերադառնալու, որ Գյումրիից ուղեւոր փոխադրվի:

«Լրացուցիչ տրանսպորտային միջոց, բացի մրցույթով անցածներից, երթուղի մտցնելու ու սպասարկում իրականացնելու իրավունք չունենք» - հավելեց Գագիկ Ավետիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ հենց ընդդիմության հանրահավաքի օրերին է տրանսպորտի աշխատանքը խափանվում, Գագիկ Ավետիսյանը պատասխանեց. - «Համընկնում է: Տրանսպորտը` մանավանդ հասարակական, իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու: Եվ մենք որեւէ մեկից կախում չունենք, չենք էլ ունեցել: Ոչ մեկն էլ մեզ հրահանգ է չի տվել, պարզապես ուղեւորների հոսքն է շատ` Վարդավառի պատճառով»:
XS
SM
MD
LG