Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը լավատես է Ղարաբաղի տնտեսության հեռանկարների հարցում


ԼՂ -- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելում է սննդի վերամշակման ձեռնարկություն` Ասկերանում, 1-ը օգոստոսի, 2011թ.
ԼՂ -- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելում է սննդի վերամշակման ձեռնարկություն` Ասկերանում, 1-ը օգոստոսի, 2011թ.
Երկօրյա աշխատանքային այցով Ղարաբաղ ժամանած Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը լավատեսական գնահատականներ է հնչեցրել ԼՂ տնտեսության վերաբերյալ:

«Այն ցուցանիշները, որոնք այսօր առկա են, հույս են ներշնչում, որ մոտակա տարիներին Լեռնային Ղարաբաղի տնտեսությունն ունենալու է կայուն զարգացման տեմպեր», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: - «Նախորդ տարիների ընթացքում էլ արձանագրված աճի տեմպերը բավական տպավորիչ են, եւ կուտակված պոտենցիալը այսօր այնպիսին է, որ մենք տեսնում ենք, որ կայուն զարգացում է լինելու տնտեսական համակարգում ե՛ւ այս տարի, ե՛ւ ապագա երեք տարիների ընթացքում»:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 2010 թվականին Լեռնային Ղարաբաղի տնտեսության համախառն ներքին արդյունքը աճել է 5.5 տոկոսով` կազմելով 118 միլիարդ դրամ: Այս տարվա առաջին եռամսյակում աճի տեմպերն արագացել են` հասնելով 9.7 տոկոսի:

Տիգրան Սարգսյանը, ում ղարաբաղյան այցի ընթացքում ուղեկցում են Հայաստանի արդարադատության եւ գյուղատնտեսության նախարարները, լրագրողների հարցերին պատասխանում էր ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո:

Հայաստանի վարչապետի խոսքով` Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քնարկվել են սոցիալ-տնտեսական խնդիրներ, հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին եւ համատեղ ծրագրերի իրականացմանը:

«Չափազանց կարեւոր եմ համարում նման հանդիպումները, քանի որ կարողանում ենք հստակեցնել ամեն ինչ»,- նշեց Հայաստանի վարչապետը:

Ղարաբաղի իր գործընկերոջ` Արա Հարությունյանի հետ Տիգրան Սարգսյանն այսօր եղել է ԼՂ տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող ընկերություններ, այդ թվում` «Արցախֆրուտ» պահածոների գործարան, ԼՂ տոհմային կայան, ինչպես նաեւ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի մերձակայքում տեղակայված «Տեխնոֆուդ» ընկերության փայտամշակման կետ:

Վաղը վարչապետ Սարգսյանը հանդիպելու է նաեւ ֆերմերների հետ, ինչպես նաեւ այցելելու է զորամասեր:

please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG