Մատչելիության հղումներ

Մեդվեդեւ. «Ղարաբաղյան բանակցություններին մասնակցելը Ռուսաստանի պարտքն է»


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում, 24-ը հունիսի, 2011թ.
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում, 24-ը հունիսի, 2011թ.
The Business Year հանդեսի` Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված համարում հրապարակված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը անդրադարձել է թե' Հայաստանում ռուսական բազային, թե' ղարաբաղյան խնդրին:

«Հայաստանում ռուսական բազայի ժամկետի երկարաձգման մասին որոշումը կայացվել է, քանի որ Ռուսաստանը հետաքրքրված է, որ տարածաշրջանում պահպանվի խաղաղությունն ու կայունությունը», - ասել է Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ այդ բազան նպատակ ունի հենց ապահովել այդ խաղաղությունն ու կայունությունը եւ նաեւ նպատակ ունի նվազեցնել այն բարդությունները, որ այսօր առկա են:

Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Մեդվեդեւը, մասնավորապես, ասել է, որ իր մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները հասել են արդեն պատմական մաքսիմումի, եւ այդ հանդիպումների ժամանակ տեղի են ունեցել կարեւոր քննարկումներ, որոնց ժամանակ կողմերը արձանագրել են մի շարք բարդություններ: Ռուսաստանի նախագահը հավելել է, որ չի ամաչում այդ ուղղությամբ իր կատարած աշխատանքից:

Ըստ Մեդվեդեւի` բանակցությունները շարունակվելու են, եւ հանդիպումների հաճախականությունը` թե' նախարարների, թե' նախագահների մակարդակներով, չպետք է նվազի:

Մեդվեդեւը նաեւ համարում է, որ այդ բանակցություններին ակտիվ մասնակցությունը Ռուսաստանի պարտքն է իր հարեւան երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ:

Ընդգծելով, որ Ռուսաստանը, անշուշտ, իր պատմական հետաքրքրություններն ունի այս տարածաշրջանում` Դմիտրի Մեդվեդեւը նաեւ հույս է հայտնել, որ առաջիկայում հանդիպումները կշարունակվեն:

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար, սակայն չի նշել, թե հատկապես ինչ քայլերի մասին է խոսքը:

Ռուսաստանի նախագահը անդրադարձել է նաեւ ռուս - ադրբեջանական ռազմական հարաբերություններին` ընդգծելով, որ դրանք ակտիվորեն զարգանում են բոլոր ուղղություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG