Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին խոսում է վրաց - ադրբեջանական եղբայրության մասին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Թբիլիսիում, արխիվային լուսանկար
Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի խնդիր չկա: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին The Business Year հանդեսի` Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված հատուկ համարում (The Business Year - Azerbaijan 2011) հրապարակված հարցազրույցում:

Սահակաշվիլին ասել է, թե երկու ժողովուրդների բարեկամությունն ունի հարուստ պատմություն եւ ժամանակի ընթացքում լուրջ փորձության է դիմացել:

«Վրաստանն ու Ադրբեջանը պարտավոր են մեկմեկու սատարել, քանի որ ունեն ընդհանուր աշխարհագրական դիրք եւ պատմություն: Մենք ունենք ընդհանուր տեսակետներ, հաստատել ենք ամուր կապեր, համոզված եմ, որ շնորհիվ մեր միասնության, լավ հարաբերությունների եւ ընդհանուր հաջողությունների` մեր երկրները կկարողանան ավելի լավ ապագա կերտել», - ասել է Վրաստանի նախագահը:

Հարցազրույցում Միխեիլ Սահակաշվիլին նաեւ անդրադաձել է տարածաշրջանի քաղաքական խնդիրներին: «Մեր երկու պետություններն ունեն չկարգավորված հակամարտություններ, Ադրբեջանի եւ Վրաստանի ցանկացած ընդդիմախոս մեր երկու երկրների թշնամին է», - ադրբեջանական աղբյուրների վկայությամբ` ասել է Սահակաշվիլին եւ ավելացրել. - «Մեր ուժը միասնության մեջ է` դրանք լոկ խոսքեր չեն, դա իրականություն է»:

Վրաստանի նախագահի փոխանցմամբ, Ադրբեջանի եւ Վրաստանի միասնությունը խարխլելու քաղաքականություն վարողները գործում են երկու պետությունների ազգային շահի` ռազմավարական երկկողմ համագործակցության ամրապնդման դեմ:

Սահակաշվիլին գովեստով է խոսել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու մասին` այն անվանելով Մետաքսի ճանապարհի ժամանակակից տարբերակը:

Վրաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել այն կապակցությամբ, որ 2008 թվականին Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց գազից եւ էլեկտրաէներգիայից զրկված իր երկրին: «Մենք երբեք չենք մոռանա այդ օգնությունը, որովհետեւ այն ստացել ենք մեր ժողովրդի համար ամենածանր պահին, եւ դա ոչ միայն մեր ռազմավարական համագործակցության, այլեւ եղբայրության խորհրդանիշն է», - ասել է Միխեիլ Սահակաշվիլին եւ ավելացրել. - «Մենք, ըստ էության, կոնֆեդերատիվ կապեր ենք ստեղծել, մեր երկրների միջեւ ոչ մի խնդիր չկա»:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG