Մատչելիության հղումներ

Կարճատեւ պատերազմը` իրական բանակցությունների ճանապա՞րհ


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ-ի Քոնեքթիքութի նահանգի Միդլթաուն քաղաքի Վեսլեյան համալսարանի պրոֆեսոր Փիթեր Ռութլանդը The Moscow Times-ում հրապարակել է «Պատերազմի ամպերը նորից կուտակվում են Կովկասի վրա» վերնագրով մի վերլուծություն, որով անդրադարձել է տարածաշրջանի հակամարտություններին:

Պրոֆեսորի կարծիքով` Կազանի հանդիպման ձախողումից հետո է'լ ավելի է ուրվագծվում պատերազմի վերսկսման վտանգը: Նա գրում է, թե այս անգամ Ադրբեջանը կարող է նոր պատերազմ նախաձեռնել` նպատակ ունենալով ետ բերել 1992-1994 թվականներին կորցրած տարածքները:

«Հայաստանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն ունի անկախ ապրելու իրավունք, եւ որ հայերը, հաշվի առնելով կողմերի միջեւ առկա թշնամանքը, պարզապես իրատեսական չեն համարում փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանում ապրելու գաղափարը», - նշել Ռութլանդը` ավելացնելով, որ երկու կողմերն էլ մեկմեկու մեղադրում են խաղաղ բնակչության նկատմամբ բռնարարքներ գործադրելու մեջ:

Փիթեր Ռութլանդը գրում է, թե այս հակամարտությունը ընդունված է բնութագրել որպես երկու սկզբունքների` Ղարաբաղի ինքորոշման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության բախում, ինչը «վեճը սոսկ դարձնում է տեսակետների տեխնիկական տարբերություն, որը մի քանի լավ իրավաբաններ հեշտությամբ կլուծեն»:

Իրականում, ըստ վերլուծաբանի, երկու կողմերի բարոյական կամ իրավական սկզբունքների միջեւ տարբերություն չկա, եւ վեճը ավելի նմանվում է պաղեստինա - իսրայելական հակամարտությանը, որտեղ դրված է «երկու ժողովուրդ, մեկ տարածք» հարցը:

Տարաձայնությունը ծագում է այն ժամանակ, երբ փորձ է արվում որոշել, թե ում է պատկանում այդ «անշարժ գույքը` Ղարաբաղը», որը ռազմավարական արժեք չհանդիսացող փակ լեռնային մի տարածք է` 100 հազարից քիչ ավելի բնակչությամբ:

Փոխարենը, այդ տարածքը կողմերի համար ունի խորհրդանշական մեծ կարեւորություն:

Ադրբեջանի համար այն վերադարձնելը ռազմական պարտության բերած ահավոր նվաստացումից ձերբազատվելու եւ 600 հազար անտեսված փախստականներին հայրենի բնակավայրեր վերադարձնելու հարց է:

Հայաստանն էլ ձգտում է ապահովել հայության կյանքը տարածքներում, որտեղից նրանց մեկ դար շարունակ հետեւողականորեն փորձում են արտաքսել, ինչի կիզակետն էր Հայոց ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում է, թե ժամանակը աշխատում է իրենց օգտին: Բայց նա ունի 2013 թվականի ընտրության խնդիր եւ պետք է ինչ-որ նվաճում ապահովի Ղարաբաղի հարցում: Բացի այդ, 2014 թվականին նավթի արդյունահանումը կհասնի գագաթնակետին, ինչից հետո նավթային եկամուտները կսկսեն աստիճանաբար նվազել:

Ալիեւը բազմիցս է հայտարարել, թե Ղարաբաղի անկախությունն Ադրբեջանի համար անընդունելի է։ Ռութլանը ենթադրում է, որ Ալիեւը մեկ նպատակով է շարունակում բանացային գործընթացը` միջազգային համայնքին ապացուցելու, թե Հայաստանն է արգելափակում Մադրիդյան սկզբունքների իրականացումը, ինչը հնարավոր կլինի ներկայացնել որպես պատերազմ նախաձեռնելու պատրվակ:

Ռութլանդը գրում է, թե քաղաքագետների կարծիքով` հնարավոր է կարճատեւ պատերազմ, որի արդյունքում հաղթող կողմ չի լինի, սակայն դա ճանապարհ կհարթի իրական բանակցությունների համար:

Պրոֆեսորը նշում է, որ ճիշտ այդպես է եղել 1973 թվականի Յոմ Կիպուրի [Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ] պատերազմից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը հայտարարել էր, թե հաղթել է, եւ համաձայնել էր մասնակցել Քեմփ Դեւիդի խաղաղության բանակցություներին:

Անորոշ արդյունքով պատերազը նաեւ կլռեցնի երկու կողմերի «բազեներին» եւ թույլ կտա նախաձեռնել խաղաղութան գործընթաց` չվախենալով հեղաշրջման վտանքից:

Պրոֆեսոր Փիթեր Ռութլանդը The Moscow Times-ի հոդվածում նշում է, թե այսօրվա դրությամբ պատերազմը կանխող հիմնական հանգամանքն այն է, որ գերտերությունները չեն ցանկանում նոր կոնֆլիկտ Կովկասի տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG