Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն կրճատում է արտաքին հատկացումները` անփոփոխ թողնելով Հայաստանին հատկացվող օգնությունը


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովի հուլիսի 27-ին ընդունված արտաքին հատկացումների բյուջեում նախատեսվում է 2012 թվականի համար Հայաստանին տրամադրել 40 միլիոն դոլարի օգնություն:

Դա նույն գումարն է, ինչ հատկացվել է 2011 թվականին: Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ի նախագահը ներկայացրել էր 2012 թվականի բյուջեի իր առաջարկները, որտեղ Հայաստանի համար նշված էր նույն գումարը:

Կոնգրեսը ենթահանձնաժողովում հաստատված արտաքին հատկացումների փաթեթում չի նախատեսվում ուղղակիորեն օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: Փաստաթղթում հակամարտության խաղաղ կարգավորմանը օժանդակելու մասին պարբերություն կա, որ նշված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանին տրամադրվող օգնությունը կարող է օգտագործվել վստահության ամրապնդման միջոցառումների եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացների համար: Այս հատկացումները կարող են ծախսվել նաեւ Լեռնային Ղարաբաղում: Նախկինում յուրաքանչյուր տարի Ղարաբաղին 10 միլիոն դոլարի ուղղակի օգնություն էր տրամադրվում:

ԱՄՆ-ի արտաքին պարտքի շեմը փոփոխելու, բյուջեի մեծ ճեղքվածքի, ծախսերը կրճատելու պլանների հետեւանքով կրճատվել են ԱՄՆ-ի արտաքին հատկացումների ծավալները:

Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի համար (այս խմբում է ընդգրկված Հայաստանը), 2010-ից 2012 թվականը արտաքին հատկացումները կրճատվել են 115 միլիոն դոլարով, կամ 15 տոկոսով եւ կկազմեն ավելի քան 626 միլիոն դոլար:

Ամերիկայի Հայկական Համագումարի նախագահ Բրայան Արդունին ասել է, թե հաշվի առնելով ԱՄՆ-ի արտաքին պարտքը սպասարկելու համար կատարող կրճատումները, բարձր են գնահատում ենթահանձնաժողովի աշխատանքը՝ Հայաստանին համարժեք օգնություն տրամադրելուն աջակցելու համար:

Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը, վկայակոչելով Կոնգրեսում իր աղբյուրները հաղորդում է, թե ենթահանձնաժողովը պահպանել է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական ոլորտում տրամադրվող օգնության հավասարակշռությունը, սակայն գումարները չեն կոնկրետացվել:

Կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել հանձնաժողովի ղեկավարներին եւ Հայաստանին աջակցող կոնգրեսականներին` Հայաստանին հատկացվող օգնության մակարդակը պահպանելու համար:

Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի անդամ Ադամ Շիֆն ասել է, թե ուրախ է, որ Հայաստանը տնտեսական օգնություն կստանա եւ որ հանձնաժողովը եւս մեկ անգամ արտահայտեց իր աջակցությունը խնդրի բանակցային լուծմանը, որը թույլ կտա խուսափել Լեռնային Ղարաբաղում արյունահեղության կրկնությունից: Միաժամանակ նա ընդգծել է, թե ամեն դեպքում կցանկանար, որ անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնություն չտրամադրվի: Ադամ Շիֆն ասել է , որ երբ արտաքին հատկացումների հարցը լսվի հանձնաժողովի լիագումար նիստում, մտադիր է կոչ անել դադարեցնելու Ադրբեջանին ռազմական ոլորտում տրամադրվող օգնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG