Մատչելիության հղումներ

Գյումրիում կմնան Մինասի երկու որմնանկարներ, կարող են մնալ եւս չորսը


Նկատի առնելով Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իրենց կողմից վերականգնելու վերաբերյալ Գյումրու քաղաքապետի եւ «ԱԳ եւ ԱԱ Բաղդասարյաններ» ընկերության առաջարկները, Հայաստանի կառավարությունը այսօր որոշեց թույլատրել Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված եւ պետական սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները:

Որոշման հաջորդ կետով թույլատրվեց «ԱԳ եւ ԱԱ Բաղդասարյաններ» ընկերության միջոցների հաշվին իրականացնել քաղաքի Էլեկտրատեխնիկական գործարանի նախկին շենքում գտնվող «Գորգ են գործում» որմնանկարի տեղափոխումը:

Վերականգնումից հետո «Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, «Գորգ են գործում» որմնանկարը` Գյումրու Աբովյան փողոցի թիվ 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահում:

Տեղեկանալով, որ մարզում դեռեւս կա Մինաս Ավետիսյանի հեղինակած չորս որմնանկար, ինչպես նաեւ այլ արվեստագետների կատարած մոտ երկու տասնյակ աշխատանք, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց խնդրի նկատմամբ գյումրեցիների ցուցաբերած մեծ ուշադրությունը։

«Հասարակական կազմակերպություններին պետք է խնդրենք, որպեսզի այդ որմնանկարները փրկելու նոր առաջարկներ ներկայացնեն», - ասաց վարչապետը: - «Որմնանկարները ցանկացած գնով պետք է փրկել, եւ եթե այդ հասարակական շարժումն օգնի մեզ գտնել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել եւ փրկել որմնանկարները, ապա մենք մնացած չորսի վերաբերյալ նույնպես պատրաստ ենք կայացնել որոշումներ, որպեսզի դրանք մնան Գյումրիում կամ Շիրակի մարզում»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG