«Կամ տեղի են ունենում արտահերթ ընտրություններ երկխոսության միջոցով, այսինքն` արտահերթ ընտրությունների համաձայնությունը ձեռք է բերվում երկխոսության միջոցով: Կամ արտահերթ ընտրությունները տեղի են ունենում համաժողովրդական ճնշման ներքո», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց Փաշինյանը:
Այս շաբաթ ավելի վաղ իշխանական կոալիցիայի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների երկրորդ հանդիպման օրը Կոնգրեսը հայտարարություն տարածեց, որում` որպես քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլեր անհրաժեշտ է համարում հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ հետո` սահմանված ժամկետների պահպանմամբ` խորհրդարանական ընտրություններ:
Երկրորդ հանդիպման ընթացքում, հիշեցնենք, համաձայնեցվեց կոալիցիա - ՀԱԿ երկխոսության օրակարգը:
Հարցին, թե ինչ է անելու ՀԱԿ-ը, եթե արտահերթ ընտրություններ տեղի չունենան, Փաշինյանը պատասխանեց. - «Արտահերթ ընտրությունները ոչ թե նպատակ են, այլ միջոց: Միջոց` Հայաստանում վերականգնելու օրինական իշխանությունը: Եթե, ենթադրենք, սեպտեմբերին կամ հոկտեմբերին չի հաջողվում Հայաստանում հաստատել օրինական, լեգիտիմ իշխանություն, այդ նպատակը դադարո՞ւմ է նպատակ լինելուց: Իհարկե` չէ: Մենք ասում ենք, որ մենք պայքարելու ենք հանուն այդ նպատակի: Հանուն ժողովրդի կողմից լիազորված իշխանության ձեւավորման պայքարելու ենք մինչեւ վերջ: Մինչեւ վերջ չի նշանակում մինչեւ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի վերջ... Մինչեւ վերջ նշանակում է մինչեւ նպատակը իրագործվի»:
Փաշինյանի ներկայացմամբ` Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հարուցվել են ՀԱԿ-ի մարտ-ապրիլյան հանրահավաքվների բազմամարդության արդյունքում». - «Ուրիշ որեւէ մեկը, որ փորձում է փնտրել այս պրոցեսների տակ ուրիշ որեւէ բան, սխալվում է: Ես չեմ բացառում, եւ պետք է նաեւ հաշվի առնել հավելյալ գործընթացները: Առաջինը` Ղարաբաղի հարցում իշխանությունը բարդություններ ունի, տնտեսության մեջ իշխանությունը բարդություններ ունի… Ուղղակի հիմա իշխանությունը ի վիճակի չէ դիմակայել ժողովրդի ճնշմանը»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ պարագայում ինչու է ՀԱԿ-ը երկխոսում իշխանությունների հետ, Փաշինյանը արձագանքեց. - «Ինչի՞ց սկսվեց երկխոսության անհրաժեշտությունը կամ նպատակահարմարությունը: Իշխանությունը երկար տարիներ ասում էր, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ եւ այլն, բայց արդյունքում ստիպված եղավ ազատ արձակել այն մարդկանց, ում համարում է քաղբանտարկյալ: Երկրորդը` իշխանությունը ասում էր, որ Մարտի 1-ի էջը փակված է, բայց արդյունքում ստիպված եղավ արձանագրել, որ փակված չէ` ընդդիմության ճնշումների ներքո: Եվ երրորդը` Ազատության հրապարակը ասում էին, որ պիտի փակ լինի, փակ էր, չէին տալիս: Ազատության հրապարակի հարցն էլ լուծվեց… Մենք անում ենք քաղաքական գործընթաց: Եվ մենք մեր նպատակների մեջ հետեւողական ենք: Մենք քայլ առ քայլ մեր նպատակները իրագործում ենք»: