Մատչելիության հղումներ

«Երեւան Ջուրը» պնդում է, որ ամառային շրջանում 8-9 տոկոսով ավելացրել է ջրամատակարարման տեւողությունը


«Երեւան Ջուրը» նվազեցրել է մայրաքաղաքին տրվող ջրամատակարարման շարունակականությունը, քանի որ շոգ եղանակների հետ կապված` Երեւանում կտրուկ ավելանում է ջրի սպառումը:

«Ամռանն ուղղակի մեր նվազագույն շեմերին ենք իջնում` որոշ տեղեր 8 ժամ, որոշ տեղեր 10 ժամ», - չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում նշեց «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արեւելք» մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանը:

Նրա տվյալներով, եթե հունիսին ջրամատակարարման շարունակականության միջին ցուցանիշը կազմել էր 92.3 տոկոս, հուլիսին այն նվազելով` հասել է 90 տոկոսի:

Այդուհանդերձ, Կարապետ Օհանյանի ներկայացմամբ, այս ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8-9 տոկոսով ավելի է:

«Երեւան Ջուր» ընկերության մասնագետները հավաստիացնում են, թե անում են հնարավորը` ոլորտի խնդիրները լուծելու համար: Կառավարության պատվերով երեք տարի առաջ անցկացված հետազոտությունները պարզել են, որ մայրաքաղաքի անխափան ջրամատակարարումն ապահովելու համար 700 միլիոն դոլարի ներդրումներ կպահանջվեն` ցանցի վերանորոգման եւ արդիականացման համար: Ընկերությունը նման գումարներ առայժմ չունի, իսկ քանի դեռ չկա պահանջվող 700 միլիոն դոլարը, մատակարարվող ջրի գերակշիռ մասը` 82 տոկոսը, չհասնելով բաժանորդին` կշարունակի կորչել:

«Երեւան Ջուրը» 2012 թվականին նախատեսում է ավելացնել ջրամատակարարման շարունակականության նվազագույն սահմանը` այժմ գործող օրական 8 ժամից հասցնելով մինչեւ 12 ժամի:

Երեւանի որոշ թաղամասերում, սակայն, բողոքում են ջրամատակարարումից` հատկապես ամռան ամիսներին: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը զրուցել է, մասնավորապես, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG