Մատչելիության հղումներ

Ընտրություններից առաջ կարող է ձեւավորվել «վարքականոն»


Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը:

ՀԱԿ-ի հետ երկխոսության համար կոալիցիայի ձեւավորած աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացնում է երկխոսության օրակարգում իրենց ներկայացրած հարցի էությունը:

Երեկ, հիշեցնենք, ՀԱԿ-ի եւ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպման արդյունքում համաձայնեցված երկխոսության օրակարգը ձեւավորվել է երկխոսող կողմերի ներկայացրած մեկական հարցերից. Կոնգրեսը առաջարկել է քննարկել «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումները»: Իշխանությունը ներկայացնող աշխատանքային խումբը` «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորումը»:

Մինասյանը ասաց, որ, իրենք առաջարկելու են, որ ընտրություններից առաջ ձեւավորվի վարքականոն, որին իրենց համաձայնությունը կտան ընտրություններին մասնակցող կուսակցությունները:

Հարցին, թե արդյոք վտանգ չեն տեսնում, որ այդ վարքականոնը ստորագրած իշխանական կուսակցությունները հրաժարվեն խոսքից, քանի որ վարքականոնը իրավական փաստաթուղթ չէ, Մինասյանը արձագանքեց. - «Դուք նույն բանը կարող եք ասել ընդդիմության կուսակցությունների մասին: Որեւէ մեկը այդ երաշխիքը չունի: Սակայն այն կուսակցությունը, որը կգնա այդ քայլին, իսկույն կդառնա մնացած բոլորի քննադատության թիրախը»:

Դիտարկմանը, թե նաեւ իր ներկայացրած ՀՀԿ-ն բազմիցս քննադատության է ենթարկվել ընտրությունները վատ կազմակերպելու, ընտրակեղծարարություն անելու համար, եւ հարցին, թե արդյոք դա ազդել է ՀՀԿ-ի վարկանիշի վրա, Մինասյանը պատասխանեց. - «Ցանկացած քննադատություն, եթե դա օբյեկտիվ է, դա միայն ի օգուտ է… Իհարկե, այդ քննադատությունը օգտակար է եղել: Այդ քննադատության արդյունքում է, մասնավորապես, որ մենք ունենք նոր Ընտրական օրենսգիրք: Այդ քննադատության արդյունքում է, որ մենք ձեւավորել ենք այնպիսի միջավայր ընտրությունների շեմին, որ հնարավոր լինի իրականացնել պատշաճ մակարդակի ընտրություններ»:

«Բոլոր ընտրությունները ունեցել են իրենց դրական եւ բացասական կողմերը», - շարունակեց նա: - «Բոլոր ընտրությունների ընթացքում եղել են թերություններ: Խնդիրը կայանում է մեկ հանգամանքի մեջ` արդյոք դրանք վճռորոշ նշանակություն ունեցե՞լ են ընտրությունների արդյունքների համար: Այն թերությունները, որոնք դուք մատնանշում եք, եւ այն թերությունները, որոնք անխուսափելի են, դրանք մեր ընտրությունների արդյունքների վրա էական նշանակություն չեն ունեցել»:

Դավիթ Շահնազարյան. «Կոնգրեսին հաջողվեց իշխանություններին բերել քաղաքական դաշտ»


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համար նման վարքականոնը, քաղաքական պայմանավորվածությունը չեն կարող ազատ եւ արդար ընտրությունների անցկացման երաշխիք դառնալ:

Դավիթ Շահնազարյան

«Որեւէ երաշխիք չունենք, որ իշխանությունը հերթական ընտրությունները կանցկացնի գոնե մի քիչ ավելի լավ, քան նախորդ ընտրությունները: Ընդհակառակը` փորձը ցույց է տալիս, որ այս իշխանության կազմակերպած ամեն հաջորդ ընտրություն նախորդից շատ ավելի վատ է լինում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իշխանությունների հետ երկխոսող ՀԱԿ-ի պատվիրակության անդամ Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով, եթե իշխանությունը համաձայնի արտահերթ ընտրություններ անցկացնել, երկխոսության օրակարգում ընդգրկված երկու հարցերը հնարավոր է միավորել:

Նա նաեւ կարծում է, որ Կոնգրեսի առաջարկի մեջ ներառված է նաեւ իշխանությանը հուզող հարցը. - «Ես որեւէ կասկած չունեմ, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան: Թե ինչ ճանապարհով դրանք տեղի կունենան` բանակցությունների եւ երկխոսության արդյունքո՞ւմ, թե՞ մեր հասարակության եւ ժողովրդի ճնշման արդյունքում, այս ընտրությունն արդեն պատկանում է իշխանություններին»:

Կոնգրեսն առաջարկում է նախ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, ապա` խորհրդարանական:

Անդրադառնալով Կոնգրեսի առաջարկին` Գագիկ Մինասյանը ասաց, թե «ուսումնասիրության է արժանի» առաջարկի հատկապես առաջին մասը` Հայաստանում տիրող իրավիճակին տրված գնահատականը:

Երեկ` իշխանություն - ընդդիմության երկխոսության երկրորդ օրը, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը Հայաստանում լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված եւ նրա կողմից վերահսկվող իշխանության ձեւավորումն էր համարել:

ՀԱԿ-ը արձանագրել է. - «Ժողովրդի անվերապահ աջակցությունից օգտվող լեգիտիմ իշխանությունը միայն կկարողանա կազմաքանդել ապօրինի մենաշնորհների եւ մաքսային, հարկային ապօրինի արտոնությունների վրա հիմնված արատավոր տնտեսական համակարգը»:

«Այդ իրավիճակի գնահատականը մեր համար անընդունելի է, իրականության չհամապատասխանող գնահատական է», - հայտարարեց Գագիկ Մինասյանը` շարունակելով. - «Մենք պատրաստվում ենք այս քննարկումը ծավալել, որպեսզի փորձենք հասկանալ, թե ինչու է մեր ընդդիմադիր գործընկերների մոտ ձեւավորվել այդպիսի թյուր պատկերացում իրավիճակի նկատմամբ: Բերել մեր փաստարկները եւ լսել նրանց հակափաստարկները»:

Իշխանական կոալիցիայի պատվիրակության անդամը ընդհանուր առմամբ դրական է գնահատում երկխոսության ընթացքը:

Իսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երկխոսության վերաբերյալ ասաց. - «Կոնգրեսին հաջողվեց իշխանություններին բերել քաղաքական դաշտ: Հայաստանի գործող իշխանությունները, որ ըստ էության 1998 թվականից` արդեն 13 տարի է, իշխում են, առաջին անգամ հայտնվել են քաղաքական դաշտում: Եվ ակնհայտ է, որ իշխանությունները շատ անհարմարավետ, իրենց համար նոր վիճակում են: Տեսնենք` իշխանությունը կշարունակի՞ մնալ քաղաքական դաշտում, թե՞ նորից կգնա վարչահրամայական իր դաշտ հասկանալով, որ սա իր տեղը չէ»:
please wait

No media source currently available

0:00 0:05:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG