Մատչելիության հղումներ

Հայազգի մարզիկը ուզում է Թուրքիայի թիմի կազմում մասնակցել Լոնդոնի Օլիմպիադային


Լոնդոնի Օլիմպիական խաղերի լոգոն
Լոնդոնի Օլիմպիական խաղերի լոգոն
Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ 18-ամյա մարզիկ Թորոս Փիլիկօղլուն ցանկանում է այդ երկրի հավաքականի կազմում հանդես գալ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

Նրա մասին գրում է Hurriyet Daily News-ի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն:

Թորոս Փիլիկօղլուն երիտասարդ սերնդի խոստումնալից մարզիկներից է, նա զբաղվում է թեթեւ ատլետիկայով` արագ վազք, ցատկ: Թուրքիայի ազգային առաջնություններում հաղթանակի է հասել, միջազգային մրցանակներ ունի, երիտասարդական ռեկորդներ է սահմանել: Թուրքիայում նրան անվանում են «Թռչող մարդ»:

Լրագրողի հետ զրույցում համեստացնելով իր մարզական նվաճումները` նա ասել է, թե դեռ ոչինչ չի արել, շատ ավելի մեծ նպատակներ ունի:

«Ինձ համար մեծ հպարտություն է ներկայացնել Թուրքիան: Իմ ամբողջ ընտանիքը այստեղ է ծնվել, եւ ես զգում եմ, որ պատկանում եմ այս հողին», - ասել է Փիլիկօղլուն:

Եթե Թորոս Փիլիկօղլուն հասնի իր նպատակին, նա կկրկնի իր հայրենակիցների հաջողությունը. ուղիղ մեկ դար առաջ` 1912 թվականին, օսմանյան Թուրքիայից երկու հայ մարզիկներ մասնակցել են Շվեդիայում տեղի ունեցած Օլիմպիական խաղերին՝ Վահրամ Փափազյանը եւ Մկրտիչ Միգիրյանը: Hurriyet Daily News-ի հարցազրույցում Փիլիկօղլուն ասել է, թե նաեւ փորձում է անել այն, ինչ նրանք կատարեցին 100 տարի առաջ:

Խնդիրներից նա նշել է, որ հաջողության հասած մարզիկների` պետության կողմից ֆինանսավորումը բավարար չէ, ինչը դժվարություն է ստեղծում միջազգային ասպարեզի մրցումներում:

Փիլիկօղլուին հովանավորում է հայազգի գործարար Արամ Քալենդերը:

Մարզադպրոցի տնօրեն եւ 11 տարի Փինիկօղլուի մարզիչ Հաքան Գյունաթանը հարցազրույցում նշել է, որ Թորոսը մեծ հաջողությունների է հասել` չնայած իր երիտասարդ տարիքին: «Թուրքիայի պատմության մեջ դեռ ոչ մի անգամ 18-ամյա թեթեւատլետը չի եղել հավաքականի կազմում: Մենք ակնկալում ենք պետության աջակցությունը», - ասել է հայազգի սպորտսմենի մարզիչը:

Նա Փինիկօղլուին բացահայտել է, երբ վերջինս ընդամենը 7 տարեկան էր եւ սովորում էր Ստամբուլի Գալֆայան մասնավոր հայկական դպրոցի տարրական դասարանում: Այդ օրվանից մինչեւ հիմա Գյունաթանը մարզում է Թորոս Փիլիկօղլուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG