Մատչելիության հղումներ

Թրաֆիքինգի դեպքերը «զգալիորեն» նվազել են


Ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյան
Ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյան
Ոստիկանության կազմակերպված հանցագործություն դեմ պայքարի 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը կարծում է, որ արտառոց ոչինչ չկա, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի թրաֆիքինգի վերաբերյալ վերջին զեկույցում Հայաստանի կառավարության գործողությունների մասին նշվել էր, թե դրանք ամբողջությամբ չէ, որ «համապատասխանում են թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն չափանիշներին»:

Պետրոսյանի խոսքով` դա ընդհանրական գնահատական է, որը բնորոշ է զեկույցի 2-րդ խմբում ընդգրկված բոլոր երկրներին:

«ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը ունի իր ձեւաչափը. խմբերը, որոնց բաժանված են երկրները, ունեն իրենց սահմանումը: Յուրաքանչյուր խմբի համար կա որոշակի նկարագրություն: Նույնը գրված է 2-րդ խմբում ընդգրկված բոլոր երկրների համար», - ասաց Պետրոսյանը ուրբաթ օրը կայացած ասուլիսում:

Դեռ երկու տարի առաջ Հայաստանը հատուկ վերահսկողության երկրների ցանկում էր: Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի համոզմամբ` զեկույցում հնչեցված գնահատականները քաղաքական չեն, նա զեկույցը միանշանակ դրական է գնահատում եւ ասաց, որ այն մեծ օգնություն է Հայաստանի կառավարությունը մեկ անգամ եւս անդրադառնալու թրաֆիքինգի դեմ պայքարում առկա բացերին:

«Եթե մենք փորձեինք գնահատել մեր աշխատանքը, ավելի շատ թերություններ կգտնեինք, քան պետդեպարտամենտի զեկույցում է նշված: Այդ զեկույցը հիմնականում հիմնված է մեր կողմից արված հայտարարությունների, մեր վիճակագրության հիման վրա: Մենք ինքներս ենք բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնք ներառված են այդ զեկույցում», - ասաց Պետրոսյանը:

Թրաֆիքինգի գծով փորձագետ, Հայ օգնության միության (ՀՕՄ) Երեւանի գրասենյակի ղեկավար Աննա Մնացականյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե բացահայտ է, որ օրենսդրությունը զգալիորեն բարելավել է եւ կա առաջընթաց, սակայն, խնդիր կա օրենքների արդյունավետ կիրառման հետ կապված:

«Կար ժամանակ, երբ մանկատնից ուղղակի խմբերով էին երեխաներ տանում ե'ւ Արաբական Էմիրություններ, ե'ւ Թուրքիա: Այսօր մանկատան երեխան շատ ավելի պաշտպանված է: Կարծում եմ, որ մենք ունենք խնդիրներ մեխանիզմների կիրառման դաշտում, որովհետեւ հաճախ օրենսդրությունը լավ ձեւակերպած է, գրեթե կատարյալ է, բայց միջգերատեսչական մարմինների մակարդակով խնդիր կա», - ասաց Մնացականյանը:

2008-2009 թվականների համեմատությամբ ոստիկանությունը արձանագրել է թրաֆիքինգի դեպքերի զգալի նվազում: Այս տարվա առաջին կիսամյակում հարուցվել է 10 քրեական գործ, որոնցից 8-ը կանանց պոռնկության դրդելու դեպքեր են` 5-ը Հայաստանում, 3-ը Արաբական Էմիրություններում: Հարուցված մեկ գործ վերաբերում է անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելուն, եւս 1 դեպք Ռուսաստանում հայաստանցիների աշխատանքային շահագործման մասով է: 20 գործ հարուցվել է թրաֆիքինգին նպաստող հարակից հանցատեսակներով: Այս գործերի շրջանակներում մեղադրվում են հյուրանոցային համալիրների աշխատակիցներ, տաքսու վարորդներ, կավատներ:

«Նվազել են այն ավանդական դեպքերը, որ կային, այսինքն, երբ տասնյակ կանայք փոխադրվում էին արտերկիր, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա եւ այնտեղ ենթարկվում շահագործման: Վերջին դեպքերը հիմնականում վերաբերում են 1-2 զոհերով շահագործման դեպքերին: Կարծում եմ, որ դրա հիմնական պատճառը համարժեք խիստ պատժի կիրառումն է», - ասաց Թրաֆիկինգի դեմ պայքարի դեմ բաժնի պետը:

2011 թվականի առաջին կիսամյակի տվյալներով` 4 անձ է դատապարտվել թրաֆիկինգով զբաղվելու համար` ազատազրկման միջին չափը 7 տարի:

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի` Հայաստանում թրաֆիկինգի են ենթարկվում ռուս կանայք: Պետրոսյանի փոխանցմամբ` խոսքը արդեն բացահայտված դեպքի մասին է, երբ Վոլգոգրադից եկած 24 կանայք շահագործվել էին մերկապարի գիշերային ակումբում:

Պետրոսյանն ասաց, թե թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի համար ամենախնդրահարույց երկիրը Թուրքիան է: Պետրոսյանը այստեղ քաղաքական ենթատեքստ է տեսնում` պնդելով, որ Թուրքիայի կառավարությունը խնդիր է դրել Հայաստանի համար վարկաբեկիչ հիմքերով ներկայացրել դեպքերը: Նրա խոսքով, Հայաստան ուղարկվող գրությունների մեկ օրինակ էլ Թուրքիան ուղարկում է Ինտերպոլի կենտրոնական գրասենյակ, որպեսզի հետագայում տարբեր վիճակագրութունների մեջ ցույց տա, թե բազմաթիվ քաղաքացիներ մարմնավաճառության համար վտարվել են Թուրքիայից:

«Թուրքիայից պարբերաբար ստացվում են Հայաստանի տարբեր քաղաքացիների կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու համար ձերբակալելու վերաբերյալ ինչ-որ հաղորդագրություններ: Հետագայում, երբ այդ անձիք վերադառնում են Հայաստան, պարզվում է, որ իրականում նրանք մարմնավաճառությամբ չեն զբաղվել, այլ հայտնվել են մի իրավիճակում, երբ լեզուն չիմանալով ձերբակալվել են, այնուհետեւ նրանց վտարել են իրբեւ մարմնավաճառների», - ասաց Պետրոսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG