Մատչելիության հղումներ

Փորձագետները արձագանքում են արտագաղթի շուրջ նախագահի հայտարարություններին


Հայաստանցի փորձագետները հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց նկատառումները հնչեցրին նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ անցկացրած միգրացիայի հարցերով խորհրդակցության կապակցությամբ:

ՄԱԿ-ի «Միգրացիան եւ մարդկային զարգացումը. Հայաստան» զեկույցի համահեղինակ, ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը չի վիճարկում Սերժ Սարգսյանի պնդումը, թե արտագաղթի զանգվածային բնույթի մասին հայտարարություններն արդյունք են «պատշաճ եւ իրավասու պարզաբանումների» բացակայության:

Այդուհանդերձ, նա նշեց, որ թեեւ ոչ զանգվաբար, բայց շարունակում են երկրից անվերադարձ հեռանալ երիտասարդ, աշխատունակ եւ մասնագիտական բարձր որակավորում ունեցող մարդիկ:

«Եթե մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում թվերի ու միտումների պարբերական հրապարակային մեկնաբանությանը, ապա կիսատ-պռատ եզրակացությունների ու մակերեսային վերլուծությունների միջոցով բավականին ակտիվ շահարկումներն ուղղակի անխուսափելի են դառնում», - խորհրդակցության ընթացքում ասել էր Սերժ Սարգսյանը:

Թադեւոսյանը համաձայն է, որ երկրից մեկնողների ու վերադարձողների տարբերության ճշգրիտ հաշվարկը հարկավոր է կատարել առնվազն տարեկան կտրվածքով` հաշվի առնելով տարեսկզբին մեկնող ու տարեվերջին վերադարձող աշխատանքային միգրանտների հանգամանքը: Սակայն ամենամտահոգիչը, ըստ փորձագետի, երկիրը ընդմիշտ լքելու` բավական տարածված միտումն է:

«Գնում են հիմնականում որակյալ մարդկային ներուժ ներկայացնող մարդիկ: Եթե այսպես մոտենանք, իրոք, երկիրը կանգնած է շատ ծանր վիճակի առջեւ, որովհետեւ քիչ թե շատ դրսում ադապտատիվ որակ ցուցաբերող մարդը այսօր մտածում է Հայաստանը լքելու մասին», - ասաց Թադեւոսյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ երկիրը չի զարգանում, ընդհակառակը` հետ է գնում: Ցույց են տալիս ինչ-որ տնտեսական աճի տեմպեր` այն դեպքում, երբ այդ տնտեսական աճը ապահովում են ընդամենը տնտեսության 5 ոլորտ: Իսկ մասնագիտությունների թի՞վը ինչքան է. հարյուրներով, հազարներով կարելի է հաշվել…»:

Եթե մեկնողների թիվը անգամ նվազում է, դա, նրա խոսքով, օբյեկտիվ բացատրություն ունի, ինչը ուրախանալու հիմքեր չի տալիս. - «Որովհետեւ նրանք, ովքեր պետք է գնային, միլիոններով գնացել են արդեն: 90-ականների սկզբից մինչեւ այսօր, փորձագիտական տվյալներով, երկիրը 1 միլիոն 200 հազար մարդ է լքել: Եթե այդքան մարդ գնացել է, շատ քիչ մարդ է մնացել գնալու: Թիվը, բնականաբար, գնալով պիտի քչանա: Եթե երկրում կան ընդամենը մեկ միլիոն աշխատունակ (իսկ նրանցից ընդամենը մի քանի հարյուր հազարն են դրսում ադապտատիվ որակ ցուցաբերելու ունակ) մարդիկ, ապա, բնականաբար, [մեկնողների թիվը] տարեցտարի կկրճատվի: Խնդիրը թվի կրճատումը չէ, խնդիրն այն է, թե ինչքան մարդ է երկրի ներսում մնում»:

Համանման մտահոգություններ հնչեցրեց նաեւ Կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

«Մենք հասել ենք դարձյալ այն մակարդակին, որ քանակը որակ է տալիս: Այսօր արդեն ամեն այն հազարը, որը հեռանում է, մեզ համար շատ մեծ կարեւորություն ունի: Նաեւ մեզ խիստ անհանգստացնում է այն մթնոլորտը, որը կա երկրում: Ես ուսումնասիրել եմ վերջին չորս ամսվա հրապարակումները եւ թվերը, որոնք խոսում են այն մասին, որ բնակչության 40-45 տոկոսը իր ապագան Հայաստանի հետ չի կապում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դանիելյանը:

Նշենք, որ Կառավարությունը մշակել է միգրացիայի կառավարմանը եւ, մասնավորապես, արտագաղթի կանխմանը միտված հայեցակարգ, որը, ինչպես երեկ հեռուստատեսային ելույթում ասաց Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, ենթադրում է «բիզնես լավագույն միջավայրի ստեղծում», «հարկային վարչարարության բարելավում», «կոռուպցիայի դեմ պայքար»:

Աղասի Թադեւոսյանը, սակայն, թերահավատ է, թե նման հայեցակարգերը կենսունակ են. - «Ո՞նց կարող ենք մենք ընդհանրապես հույսեր փայփայել: Հույսեր փայփայում են այն դեպքում, երբ երկրում ստեղծվում են հավասար մրցակցային պայմաններ հատկապես տնտեսական գործունեւություն ծավալելու համար: Իսկ Հայաստանը շատ հեռու է այդ երկիրը դառնալուց»:
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG