Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովը Թուրքիայից եկեղեցիների վերադարձ պահանջող ուղղում ընդունեց


Թուրքիա - Անիի Մայր տաճարը
Թուրքիա - Անիի Մայր տաճարը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ ձայների 43 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել օրենսդրական փոփոխությանը, որը Թուրքիային կոչ է անում վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները եւ վերջ տալ քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ ճնշումներին:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի եւ Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունների համաձայն, 2012 թվականի ֆինանսական տարվա համար Պետդեպարտամենտի լիազորման մասին փաստաթղթում Կոնգրեսում դեմոկրատների խմբակցության ազդեցիկ անդամ, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովարդ Բերմանի եւ հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինիի առաջարկած այս ուղղման հիմքում ընկած են ավելի վաղ Բերմանի եւ հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի ներկայացրած «Եկեղեցիների վերադարձը» թիվ 306 բանաձեւի նախագծի ձեւակերպումները:

Հիշյալ օրինագիծը հորդորում է Թուրքիային դադարեցնել ամեն տեսակի կրոնական հետապնդումները, պաշտպանել քրիստոնյաների իրավունքները եւ կրոնական ազատությունները եւ հատկապես` վերադարձնել քրիստոնյաների բռնագրավված ունեցվածքը, այդ թվում` հայերից, հույներից եւ քրիստոնյա այլ համայնքներից խլված եկեղեցիները:

«Այսօրվա քվեարկությունը հզոր հաղթանակ է կրոնական ազատության համար եւ քայլ առաջ դեպի հազարավոր քրիստոնեական եկեղեցիների եւ սրբավայրերի վերադարձը, որոնց Թուրքիան տիրացել է ցեղասպանության միջոցով», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: - «Հայերի, հույների եւ ասորիների դեմ գործադրված ցեղասպանությունից 96 տարի անց, թուրքական կառավարությունը ոչնչացրել կամ բռնագրավել է նրանց սրբավայրերի եւ պաշտամունքի վայրերի ճնշող մեծամասնությունը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր հզոր ուղերձ հղեց Թուրքիային, որ նա պարտավոր է հաշվի նստել այդ վայրագ ժառանգության հետ, հարգել փրկված քրիստոնեական համայնքների կրոնական ազատությունը եւ վերադարձնել իր ոճիրների պտուղները»:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, իր հերթին, կազմակերպության անունից ողջունել է կոնգրեսականներ Բերմանի, Ռոյսի եւ Սիսիլինիի ջանքերը:

«Սա արդարության քվեն է անարդարության դեմ», - հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմի պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, ով ներկա էր հանձնաժողովի քվեարկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG