Մատչելիության հղումներ

Նախկին մարզպետը կարող է դատապարտվել 4 տարվա ազատազրկման


Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը:
Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը:
«Ազատություն» ռադիոկայանի` քննությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ ըստ գործի նյութերի, Ֆինանսների նախարարության համապատասխան տեսչության ստուգումներով պարզվել է, որ Վարդգես Հովակիմյանը 2008-2010 թվականներին պատշաճ կերպով չի իրականացրել պետական միջոցների նպատակային օգտագործման վերահսկողությունը, ինչի արդյունքում պետությանը հասցվել է մի քանի տասնյակ միլիոն դրամի վնաս:

Բացի այդ, դարձյալ ըստ գործի նյութերի, նախկին մարզպետը իր մտերիմին հողամասի կառուցապատման նպատակով 30 հեկտար հողատարածք տրամադրելու համար մարզպետարանի համապատասխան բաժնի պետի միջոցով կեղծ տեղեկություն է տրամադրել մարզի Գինեվետ համայնքի ղեկավարին` հավաստիացնելով, որ գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հեկտար հողատարածքը արդյունաբերական նշանակության է, ինչից հետո Վարդգես Հովակիմյանի ցուցումով հրավիրվել է ավագանու նիստ, որպեսզի նիստում տրվի հողամասի վարձակալության թույլտվություն:

Նույն աղբյուրից հայտնի դարձավ նաեւ, որ հնարավոր է գործի շրջանակներում ներգրավվեն Արարատի մարզպետարանի այլ աշխատակիցներ եւս:

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ լրատվամիջոցներից է իմացել Հովակիմյանին առաջադրված մեղադրանքների մասին եւ այլ մանրամասների չի տիրապետում:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ մարզպետարանի այլ աշխատակիցներ եւս ներգրավվեն գործի շրջանակներում, Բարսեղյանը պատասխանեց. - «Եթե քննություն է կատարվում, բնականաբար, մարդիկ կկանչվեն»:

Նկատենք, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը 1999 թվականից անդամակցում է Հանրապետական կուսակցությանը, իսկ 2009 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե չի կարող մեկնաբանել, քանի որ տեղեկացված չէ:

Այդուհանդերձ, Գալուստ Սահակյանը հավելեց հետեւյալը. - «Բնականաբար, գնահատականներ հնարավոր չէ տալ, որովհետեւ անմեղության կանխավարկած կա: Այստեղ քաղաքական դիրքորոշումների անհրաժեշտություն չկա»:

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին, հիշեցնենք, երեկ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու համար: Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածների տվյալ մասերով սահմանված ամենամեղմ պատիժը տուգանքն է` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, ամենախիստը` չորս տարվա ազատազրկումը:

Այսօր նաեւ տեղեկացանք, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկել է քննարկել Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:

Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ՝ եղբայրներ Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների, ինչպես նաեւ Հրաչյա Պետրոսյանի կողմից սպանության փորձ կատարելու մասին, փորձել է օժանդակել նրանց փախուստին եւ իրավապահներից թաքցնելու նպատակով՝ դեպքից անմիջապես հետո նախապես չխոստացված էական օգնություն ցուցաբերել վերջիններիս:

«Նախաքննական մարմնի գնահատմամբ, Գուրգեն Մարտիրոսյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործության պարտակում՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաեւ հանցագործության կատարման գործիքների՝ նախապես չխոստացված պարտակում եւ նրան մեղադրանք է առաջադրվել 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է հանցագործությունը պարտակելը», - ասված է հաղորդագրությունում:

Նույն հաղորդագրությունը, սակայն, տեղեկացնում է, որ Գուրգեն Մարտիրոսյանը խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել համաներման ակտի ընդունման կապակցությամբ եւ 2011 թ. հուլիսի 8-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG