Մատչելիության հղումներ

Վերաբնակեցված շրջաններում հանցագործությունների աճ է նկատվել


Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցված շրջաններում հանցագործությունների թվի աճ է արձանագրվել:

Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Գլխավոր դատախազի խոսքերով` եթե Քելբաջարի շրջանում հանցագործությունները հիմնականում սեփականության դեմ են ուղղված, ապա Լաչինի շրջանում, ըստ վիճակագրության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվն է աճել:

Սակայն ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում (անկախ վերաբնակեցված շրջանների վիճակագրությունից) հանցավորության նվազման միտում է նկատվում:

«Հանցագործությունների նվազում է տեղի ունեցել հանրապետությունում: 2010 թվականի առաջին կիսամյակի 214 հանցագործության դեպքի համեմատ հանցագործությունները նվազել են 36 դեպքով», - ասաց Ղարամյանը:

Գլխավոր դատախազի խոսքով` ԼՂ-ում նվազել են մահվան ելքով ավտովթարների թիվը: 2011 թվականին առաջին կիսամյակի արդյունքներով նման դեպք չի արձանագրվել:

Թմրամոլության դեմ պայքարի արդյունքներին եւ ընդհանուր պատկերին անդրադառնալիս` Ղարամյանը ասաց, թե Ղարաբաղում կազմակերպված թմրաբիզնես կամ թմրանյութերի շրջանառություն չկա:

«Թմրամոլության եւ թմրամիջոցների զարգացման հեռանկարներ, կարելի է ասել, մենք առայժմ չենք տեսնում: Ինչպես անցյալ տարիներին, այս տարվա առաջին կիսամյակին եւս մեր հանրապետությունում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների ապօրինի օգտագործման դեպքեր, սակայն դրանք վերաբերում են «թեթեւ» թմրամիջոցներին` մարիխուանայի եւ նմանատիպ այլ թմրանյութերի օգտագործման դեպքերին, որոնք աշխարհի տարբեր երկրներում նույիսկ օրենքով թույլատրված են», - ասաց Ղարամյանը:

Գլխավոր դատախազը գոհ է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից, բայց եւ այպես դատախազության ուսումնասիրությունների համաձայն` ԼՂ-ում առողջապահության, կրթության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտները շարունակում են լինել ամենակոռումպացվածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG