Մատչելիության հղումներ

Համազեկուցողը հանդիպել է իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Ակսել Ֆիշերին: 20-ը հուլիսի, 2011թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Ակսել Ֆիշերին: 20-ը հուլիսի, 2011թ.
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը Երեւանում քննարկում է քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, նաեւ` 2012-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ կատարված բարեփոխումները, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

Համազեկուցողի հանդիպումները մեկնարկել են չորեքշաբթի առավոտից, նա հանդիպումներ անցկացրեց իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ, զրուցեց նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորղ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանը շատ կարեւոր է համարել այն աշխատանքը, որ իրականացնում է Եվրախորհուրդը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ քաղաքական գործընթացներին, հաղորդագրությունում, սակայն մանրամասներ չեն հաղորդվում, թե ո'ր քաղաքական գործընթացներին են անդրադարձել:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համազեկուցողի հանդիպման մասին ՀԱԿ մամուլ ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ներքաղաքական գործընթացները Հայաստանում, մասնավորապես, Հայաստանում ժողովրդավարության հաստատման նպատակով իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսված երկխոսության ընթացքը: Ներկայացվել են նաեւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը: Զրույցի ընթացքում ՀԱԿ-ի ներկայացուցիչները բարձրացրել են նաեւ միջազգային դիտորդական առաքելության` ընտրությունների դիտարկման ներկա ձեւերի անարդյունավետության խնդիրը:

ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողները զեկույց են պատրաստում, որը կներկայացնեն ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում:

Ակսել Ֆիշերի հետ հանդիպումից հետո իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հայաստանի վերաբերյալ հոկտեմբերի 3-ին ներկայացվելիք զեկույցը դրական շեշտադրումներ է ունենալու:

«Համազեկուցողը խիստ դրական գնահատեց հատկապես վերջին զարգացումները, վերջին քայլերը Հայաստանի իշխանությունների կողմից` դա համաներումն էր, կալանավորված անձանց ազատ արձակելն էր: Նա նաեւ շատ բարձր գնահատեց լրամշակված Ընտրական օրենսգիրքը: Ես կարծում եմ, որ համազեկուցողի տպավորությունը շատ դրական էր», - ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով`անդրադարձ չի եղել այն քայլերին, որոնք Հայաստանը դեռ չի կատարել. - «Որովհետեւ, ըստ էության խոսվեց կատարաված քայլերի արդյունավետության մասին եւ մատնանշվեց, որ ԵԽԽՎ բանաձեւերում արձանագրված հիմնական մտահոգությունները իրենց լուծումը ստացել են»:

Հիշեցնենք, որ 2009-ի հունիսին ԵԽԽՎ-ում ընդունված եւ Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող վերջին զեկույցում Վեհաժողովը եզրակացրել էր, որ 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ զոհված 10 անձանց մահվան հանգամանքների քննությունը որեւէ կոնկրետ արդյունքի չի հանգեցրել, եւ էական էր համարել, որպեսզի այդ հետաքննությունը ավարտին հասցվի առանց հետագա ձգձգումների: (10 անձնանց մահվան հանգամանքները, ինչպես հայտնի է, մարտի 1- ի դեպքերից 3.5 տարի անց դեռեւս բացահայտված չեն): ԵԽԽՎ-ն նաեւ գտել էր, որ կա մարտի 1-2-ի դեպքերի եւ դրանց հանգամանքների անկախ, անկողմնակալ եւ արժանահավատ հետաքննության անհրաժեշտություն: Այս զեկույցի ընդունումից հետո համազեկուցողները հայտարարությամբ էին հանդես եկել եւ Հայաստանի իշխանություններին կոչ էին արել իրականացնել բարեփոխումների ծրագիր` մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալական խռովությունների:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` եվրոպացի պաշտոնյան այսօր կրկին կարեւորել է առաջիկա ընտրությունների ազատության հարցը:

«Հույս ունենանք, որ համապետական ընտրություններ բարեփոխված Ընտրական օրենսգրքով կանցնեն ազատ, արդար եւ թափանցիկ», - ասաց Զոհրաբյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ԵԽԽՎ համազեկուցողին են ներկայացվել Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որ դրանք ընդունվել են ընդդիմության առաջարկների մերժմամբ: «Ժառանգության» ներկայացուցիչները խոսել են նաեւ խոսքի ազատության պակասի մասին, վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության մեղադրանքներով ներկայացվող հայցերի խոշոր փոխահատուցումներով պահանջների մասին:

«Նրան ներկայացվել են նաեւ մարտի 1-ի հետ կապված զարգացումները, մենք մտահոգություն ենք հայտնել իրենց ողջունած համաներման ուղերձի հետ կապված, երբ քաղբանտարկյալները ազատ արձակվեցին որպես շարքային հանցագործներ, ինչը, եթե անգամ բավարարում է արտախորհրդարանական ընդդիմությանը, ապա չի կարող բավարարել «Ժառանգությանը», - ասաց Սաֆարյանը:

Խորհրդարանականների հետ հանդիպման շտապող Ակսել Ֆիշերը այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, միայն տեղեկացրեց, որ իրենք զեկույց են պատրաստում, որը կքննարկվի ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում:

Ակսել Ֆիշերը իր փաստահավաք առաքելությունը կավարտի հինգշաբթի օրը: Նրա հետ Հայաստան պետք է ժամաներ նաեւ Հայաստանի հարցով մյուս համազեկուցող Ջոն Պրեսկոտը, սակայն ինչպես խորհրդարանում այսօրվա հանդիպումների ընթացքում հայ խորհրդարանականներին փոխանցել է Ֆիշերը, Պրեսկոտը չի ժամանել, քանի որ ուշացել է ինքնաթիռից տեխնիկական պատճառներով:
please wait

No media source currently available

0:00 0:05:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG