Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակում սկանդալները շարունակվում են


Բողոքավոր սպային սադրիչ են անվանում

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում ի հայտ եկած սկանդալում նոր զարգացում է։

YouTube-ում վերջերս տեղադրվել էր մի տեսագրություն, ըստ որի կապիտան Ռամին Գասիմովը, լեյտենանտ Ասքեր Ասքերովը եւ ենթասպա Շաղլար Ռզաեւը` դիմելով նախագահ Իլհամ Ալիեւին, պատմել են այն մասին, թե ինչպես են իրենք ստիպված եղել իրենց անձնական միջոցներով վերանորոգել կայազորի տարածքում մրրիկից ավերված շինություններից մեկը։

Պաշտոնատար անձինք արագ են արձագանքել. ստորաբաժանում գործուղված գնդապետ Վագիֆ Մամեդովը հայտարարել է, թե Գասիմովը երկու զինվորի է ծեծել, ալկոհոլ է օգտագործում եւ հարգանք չունի իր զինակից-սպաների կամ ենթակա շարքայինների շրջանում։

Տեսագրությունն ինտերնետում տեղադրելն էլ, ըստ զինուժի ղեկավարների, Գասիմովի սադրիչ քայլն էր։ Նա, իբր սպառնացել է վրեժ լուծել, եթե իր նկատմամբ գործ հարուցվի ենթականերին ծեծի ենթարկելու փաստով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Վագիֆ Մամեդովն ասել է, թե լեյտենանտ Ասքերովն ու ենթասպա Ռզաեւը ենթարկվել են վերադասի ճնշմանը եւ համաձայնել են մասնակցել տեսագրմանը եւ տեղեկություններ չեն ունեցել դրա պատրաստման բուն նպատակի մասին։

Բաքվում գործող «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Չեսուր Սումերինլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, թե չի կարելի բացառել, որ տեսագրության բոլոր մասնակիցները կարող էին լուրջ ճնշման ենթարկվել բանակի ղեկավարների կողմից։

Նրա փոխանցմամբ, բանակին հատկացվող հսկայական գումարների տնօրինումը չի վերահսկվում։

«Ռազմական ծախսերը տարեցտարի աճում են, բայց դրանք սոցիալական ուղղվածություն չունեն, միջազգային չափանիշների համաձայն, ծախսերի առնվազն 30 տոկոսը պետք է տրամադրվի ռոճիկներին, համազգեստին եւ սնունդին, կայացած բանակներում դա նույնիսկ 40 տոկոսի է հասնում, իսկ Ադրբեջանում դա ընդամենը 10 տոկոսն է», - ասել է վերլուծաբանը։

Նրա փոխանցմամբ, ռազմաճակատի գծին մոտ ծառայող սպաներն ամսեկան վաստակում են 450 մանաթ (572 դոլար), նրանք հաճախ պարտավորված են լինում իրենց անձնական միջոցներով նորոգել մեքենաները։

Վերլուծաբան Սումերինլին ասում է, թե սոցիալական ծանր կացությունը բանակին հատկացվող միջոցների նկատմամբ թույլ հսկողության պայմաններում դառնում է պարարտ հող կոռուպցիայի համար։

Ադրբեջանը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության 2010 թվականի զեկույցում 134-րդ տեղում են հայտնվել։

Ռազմական ակադեմիայում նույնպես կան խնդիրներ

Մինչդեռ, Ադրբեջանում ծագել է մի նոր սկանդալ. ռազմական ակադեմիայի մի խումբ կուրսանտներ «Ազադլիղ» թերթին դիմել են նամակով` հաղորդելով ուսման անտանելի պայմանների մասին։

Այդ ակադեմիայի ղեկավարը պաշտպանության ներկայիս նախարար Սաֆար Աբիեւի ուսանողական ընկերն է` Նաջաֆ Գամբարովը։

Թերթը հաղորդել է, թե ակադեմիայի ղեկավարի տեղակալն էլ Շաիր Ռամալդանովը, խոշոր բիզնես ունի, իսկ ակադեմիայի ստրատեգիական ֆակուլտետի ղեկավար Չինգիզ Շաֆիեւը Շամխորի կորպուսի հրամանատարն էր. այդ կորպուսում այս տարի մի քանի զինծառայող է սպանվել, ինչի պատճառով էլ նախագահ Իլհամ Ալիեը նրան պաշտոնանկ էր արել։

Կուրսանտները նամակում պնդում են, թե բարձրաստիճան հրամանատարները, այդ թվում նախարար Սաբիեւը, ունեն հսկայական կալվածքներ եւ մայրաքաղաք Բաքվում անշարժ գույքի տասնյակ միավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG