Մատչելիության հղումներ

Բրյուսելում կայացել է ՀՀ - ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 6-րդ նիստը


Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների 6-րդ լիագումար նիստը:

Հայկական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը, եվրոպական կողմից բանակցությունները վարել է ԵՄ-ի Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` քննարկվել են ապագա համաձայնագրի հիմնական նպատակներին եւ սկզբունքներին, քաղաքական երկխոսությանը եւ արդարադատության ու անվտանգության ոլորտներում համագործակցությանը առնչվող հարցեր:

Կողմերն ամփոփել են բանակցությունների արդյունքները` փաստելով, որ էական առաջընթաց է գրանցվել 2010 թվականի հուլիսի 19-ից մեկնարկած բանակցային գործընթացում: Հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերին:

Նախօրին Բրյուսելում տեղի էր ունեցել արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան - ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, միգրացիայի պետական գործակալության, ոստիկանության եւ գլխավոր դատախազության եւ ԵՄ-ի Եվրոպական արտաքին գործերի ծառայության, Եվրահանձնաժողովի ներքին գործերի եւ արդարադատության գլխավոր տնօրինությունների ներկայացուցիչները:

Այս նիստին քննարկվել են, մասնավորապես, ԵՄ-ի մուտքի վիզաների դյուրացման գործընթացը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, սահմանների կառավարմանը առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG