Մատչելիության հղումներ

«Մերսեր». «Երեւանում ապրելը անցած տարում մի փոքր էժանացել է»


«Մերսեր»-ի 2011 թվականի զեկույցը
«Մերսեր»-ի 2011 թվականի զեկույցը
Երեւանում ապրելը անցած մեկ տարվա ընթացքում մի փոքր էժանացել է. համենայնդեպս, այդ է փաստում «Մերսեր» հետազոտական կենտրոնի վերջին զեկույցը:

Ուսումնասիրության համաձայն, աշխարհի թանկ քաղաքների շարքում Երեւանը 2011 թվականին երեք կետով զիջել է դիրքերը եւ հիմա գրավում է 167-րդ հորիզոնականը` 214 քաղաքների շարքում:

Նշենք, որ ուսումնասիրությունը կատարվում է հիմնականում հյուրերի եւ օտարերկրացիների համար եւ ներառում է մի շարք տվյալներ` անշարժ գույքի վարձակալությունից մինչեւ առաջին անհրաժեշտության ապրանքների ու սննդամթերքի գները:

«Մերսեր»-ը մշակել է մի միջազգային զամբյուղ, որտեղ ընդգրկվել է շուրջ 200 անուն ապրանք ու ծառայություն», - ասում է խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչ Մարի-Լոուրենս Սեպեդյեն` մանրամասնելով. - «Զամբյուղում հաշվարկված են ոչ միայն սնունդը, հագուստը, տրանսպորտի ծախսը, զվարճանքի համար անհրաժեշտ գումարը, այլեւ ամենակարեւորը` կացարանի վարձակալության գինը»:

Ըստ այդմ, Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաքը Բաքուն է, որտեղ ապրելը, համաձայն «Մերսեր»-ի, ավելի թանկ է, քան Ամստերդամում, Մադրիդում ու Տորոնտոյում:

Տարածաշրջանի ամենաէժան քաղաքը, արդեն երկրորդ տարին անընդմեջ, Թբիլիսին է, որը թանկության ցուցանիշով Երեւանից ետ է 24, Բաքվից` 43 կետով:

Ընդհանուր առմամբ, սակայն, ըստ զեկույցի, նախորդ տարվա համեմատ` այս տարի ապրուստը երեք քաղաքներում էլ էժանացել է:

«Դա պայմանավորված է երկու գործոնով», - ասում է կազմակերպության ներկայացուցիչ Նատալի Մետրալը եւ մանրամասնում. - «Քաղաքների վարկանիշների վրա ազդում են գների փոփոխությունն ու ազգային արժույթի տատանումները` ամերիկյան դոլարի նկատմամբ, քանի որ մենք որպես հաշվարկման միավոր վերցնում ենք Նյու Յորքը»:

Նախկին Խորհրդային Միության երկրների շարքում, ըստ «Մերսեր»-ի կազմած զեկույցի, ապրուստի թանկությամբ Երեւանը միջին տեղ է գրավում` ավելի էժան է, քան Մոսկվան, Բաքուն, Ալմաթին, Կիեւը, սակայն ավելի թանկ, քան Տաշքենդը, Թբիլիսին, Մինսկն ու Աշգաբադը:

Աշխարհի կտրվածքով, երկրորդ տարին անընդմեջ ամենաթանկ քաղաքն է համարվում Անգոլայի մայրաքաղաք Լուանդան, երկրորդ հորիզոնականում է Ճապոնիայի մայրաքաղաքը, երրորդում` Չադի մայրաքաղաք Նջամենան, չորրորդում` Մոսկվան:

Ամենաէժան քաղաքները, ըստ «Մերսեր»-ի, գտնվում են Պակիստանում, Բոլիվիայում եւ Նիկարագուայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG