Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը այսօր կքննարկի Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի հարցը


Ջոն Հեֆերն
Ջոն Հեֆերն
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի օրը կայանալիք լսումներում քննարկելու է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի նշանակման հարցը:

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնի թեկնածությունը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը առաջադրել է այս տարվա մայիսին: Սենատի կողմից հաստատվելու դեպքում Հեֆերնը դեսպանի պաշտոնում փոխարինելու է Մարի Յովանովիչին:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Սենատի հանձնաժողովի բոլոր անդամներին կոչ է արել մասնակցել լսումներին, որպեսզի ակնհայտ դառնա, թե որքանով է Հեֆերնը համապատասխանում այս կարեւոր դիվանագիտական պաշտոնին:

Ըստ գրասենյակի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, Համբարյանը հույս է հայտնել, որ սենատորները կօգտվեն լսումների ընձեռած հնարավորությունից եւ Հեֆերնից պարզաբանումներ կպահանջեն Կովկասյան տարածաշրջանին առնչվող արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ Օբամայի վարչակազմի դիրքորոշման մասին: Այդ հարցերի թվում Արամ Համբարյանն առանձնացրել է Հայոց ցեղասպանության հարցի ճշմարտացի եւ արդարացի լուծումը, ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորումը՝ հիմնված ժողովրդավարության ու ինքնորոշման սկզբունքների վրա, ինչպես նաեւ հայ - ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ հայկական հարցերի վերաբերյալ Ջոն Հեֆերնի դիրքորոշումը մինչ օրս «հստակ չէ»:

«Պարոն Հեֆերնի կեցվածքը հայկական հարցերի գծով հստակ չէ ներկայումս, հրապարակային խոսքեր ընդհանրապես չեն եղել հայկական հարցերի գծով, այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ այդ կարեւոր հարցումները տրվեն», - ասաց Չուլջյանը` հավելելով. - «Պետք է հստակեցնենք` արդյոք ո՞րն է իր կեցվածքը Հայոց ցեղասպանության հարցի գծով, ի՞նչ հարցումներ պիտի տա պարոն Հեֆերնը այդ առնչությամբ: Նույնպես` ղարաբաղյան հարցով. ի՞նչ է ակնկալում ղարաբաղյան ինքնորոշման հարցի գծով: Սրանք նյութեր են, որ պետք է արծարծվեն, եւ Հայ դատի հանձնախումբը եւ ընդհանրապես ամերիկահայ գաղութը պետք է հետապնդի դրանք, որպեսզի կարողանանք դրա հիման վրա ճշգրիտ որոշում տալ` պարոն Հեֆերնին մեր զորակցության համար»:

Ջոն Հեֆերնը արդեն շուրջ 30 տարի աշխատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության բնագավառում: Դիվանագետը հիմնականում աշխատել է Արեւելյան Ասիայի երկրներում՝ Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Մալազիայում ու Չինաստանում:

Ամերիկահայ ազդեցիկ մյուս լոբբիստական կազմակերպությունը՝ Ամերիկայի հայկական համագումարը ի սկզբանե վերապահումներ է հայտնել Հեֆերնի թեկնածության շուրջ, հայտարարելով, որ նա 90-ականներին աշխատել է կոնգրեսական Դագ Բերոյթերի գրասենյակում, ով Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում մշտապես ընդդիմացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերին:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալիք լսումներից հետո հաջորդ քայլը հանձնաժողովի անդամների կողմից Ջոն Հեֆերնի թեկնածության հաստատումն է, որից հետո հարցը վերջնական քննարկման է դրվելու Սենատի լիագումար նիստում, եթե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը չարգելափակի այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG