Մատչելիության հղումներ

Բաքվին զայրացրել է Սերժ Սարգսյանի ելույթը


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում երիտասարդ սպաների համաբանակային համաժողովում: 9-ը հուլիսի, 2011թ.
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում երիտասարդ սպաների համաբանակային համաժողովում: 9-ը հուլիսի, 2011թ.

Ինչպես եւ կարելի էր ենթադրել, Ադրբեջանի ղեկավարությունը վրդովմունքով է արձագանքել ՀՀ ԶՈԻ երիտասարդ սպաների համաբանակային առաջին համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի արտասանած ելույթին, որի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարը ասել է, թե հայ-ադրբեջանական պատերազմում հայերը հաղթել են, որովհետեւ դա ազատասերի պայքար էր զավթիչի եւ արդարի պայքար անարդարի դեմ։

Սերժ Սարգսյանը նաեւ նախազգուշացրել է, որ եթե զավթիչների եւ անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրություն անցնի` հայկական կողմը նորից կլինի ուժեղը, որովհետեւ «հայրական տունն ու հայրենիքը պաշտպանողը անպարտ է եւ անկասելի»։


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը այսօր հայտարարել է, թե Հայաստանի նախագահի ելույթը ներքաղաքական սպառման համար էր։

Մամեդովի պնդմամբ, այդ ելույթը կոչված է «շեղել հանրության ուշադրությունը հիմնարար այնպիսի հարցերից, ինչպիսիք են գործազրկությունը, քաղաքական, տնտեսական եւ բարոյական անելանելի իրավիճակը հասարակական կարծիքի հանդեպ իշխանությունների անտարբերությունը»։

Մամեդովը նաեւ կրկնել է Հայաստանի քաղաքականության մասին Բաքվում հաճախ արվող մեկնաբանությունները։

«Բանն այն է, որ Հայաստանը լուրջ զիջում է Ադրբեջանին դիվանագիտության առումով, վերջին շրջանում Ադրբեջանը տնտեսական կարողության եւ դեմոկրատական զարգացման տեսակետից ամրացրել է իր դիրքը միջազգային ասպարեզում, իսկ Հայաստանը սեփական քաղաքականության զոհն է դարձել, քանի որ այն նախ եւ առաջ հիմնված է հարեւաննների նկատմամբ տարածքային ոտնձգությունների վրա»,- ասել է նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչը եւ պնդել, թե «այսօր ժամանակը խաղում է Ադրբեջանի օգտին»։

«Թրենդ» լրատվական գործակալության փորձագետների խմբի անդամ Ֆիքրեթ Սադիխովն էլ հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկություններում «անպայման պետք է տեղ գտնեն ինչ-որ նոր նրբություններ, այլապես ոչ մի առաջխաղացում չի գրանցվի»։

«Չի կարելի Ադրբեջանին թելադրել նախապես անհնարին պայմաններ: Եթե նորից կրկնվելու է այն ամենը, ինչ եղել է նախորդ հանդիպումներում, ապա ոչ մի արդյունք չի լինի»,- ասել է Սադիխովը։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովը նշել է, որ կողմերի միջեւ առանցքային տարաձայնությունը Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեի հարցն է. - «Հայերը պնդում են, որ հանրաքվեն չպետք է բացառի անջատումը, ադրբեջանցիները պնդում են, որ ինքնորոշումը լինի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Ճնշումը Բաքվի վրա անհնարին է, քանի որ, ըստ Մուսաբեկովի, Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանված է ՄԱԿ-ի Անվտանգությկան խորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների ընդունած բանաձեւերով։

Ռուսաստանցի վերլուծաբան, Ազգային ռազմավարության ինստիտուտի տնօրեն Միխայիլ Ռեմիզովն էլ Day.az գործակալությանն ասել է, թե չարժե գերագնահատել Ռուսաստանի հնարավորությունները բանակցային գործընթացում։

«Բանն այն է, որ փոխզիջումային տարբերակի գոնե մոտավոր նախագիծ գոյություն չունի, քանզի կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են»,- նշել է Ռեմիզովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG