Մատչելիության հղումներ

Հայազգի հաշմանդամ մարզիկները Աթենքից վերադարձել են մեդալներով


Հայազգի հաշմանդամ մարզիկները Աթենքից վերադարձել են մեդալներով
Հայազգի հաշմանդամ մարզիկները Աթենքից վերադարձել են մեդալներով

Հայազգի 4 մարզիկներն Աթենքում կայացած «Հատուկ Օլիմպիադաների» Աշխարհի ամառային խաղերից վերադարձել են 7 մրցանակներով: Խաղերը տեղի են ունեցել հունիսի 20-ից հուլիսի 4-ը, ընդգրկված են եղել 120 երկրներ ներկայացնող 7000 մարզիկներ, ովքեր մրցել են 22 օլիմպիական մարզաձեւերում: Հայ մարզիկները մասնակցել են ատլետիկայի եւ լողի մրցումներին:

Հայ հատուկ օլիմպիական 19-ամյա Սուրեն Բալասանյանը 50 մետր վազք եւ փափուկ գնդակի նետում ձեւերում արժանացել է մրցանակային 1-ին տեղին եւ շահել մեկ ոսկե ու մեկ բրոնզե մեդալ:
Սպարտակ Հակոբյանը շահել է արծաթե եւ բրոնզե մեդալներ` հեռացատկ եւ 200 մ վազք ձեւերում: Լողորդ Նոնա Արոյանը շահել է արծաթե մեդալ 25 մ ազատ ոճի լողից, իսկ Տիգրան Գեւորգյանը` արծաթե մեդալ թիկնալողից եւ ոսկե` ազատ ոճի լողից:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի վերջին ծրագրին կառավարությունը հատկացրել է 2,5 միլիոն դրամ:
Կազմակերպության նախագահ Արտակ Իսրաելյանն ասաց, որ Հայաստանում հաշմանդամ երեխաներն առավել ակտիվ զբաղվում են ֆուտբոլով, ատլետիկայով, սեղանի թենիսով եւ լողով:

Նրա խոսքով` Հայաստանում դեռ շատ ընտանիքներ թաքցնում են իրենց մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին` զրկելով նրանց նմանօրինակ մարզումներից եւ հասարակություն ինտեգրվելու հնարավորությունից:

Նշենք, որ «Հատուկ Օլիմպիադաներ» շարժումն անցկացնում է սպորտային մարզումներ եւ մրցումներ մտավոր սահմանափակումներով երեխաների ու մեծահասակների համար` խթանելով վերջիններիս սոցիալական ներգրավումը:

Շարժումը ստեղծվել է 1968 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի քրոջ` Յունիս Քենեդի-Շրայվերի կողմից: Ներկայումս «Հատուկ Օլիմպիադաներ» շարժման մեջ, որը մտավոր սահմանափակումներով անձանց աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր հասարակական շարժումն է, ներգրավված են ավելի քան 3.5 մլն մարդ 180 երկրներից:
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG