Մատչելիության հղումներ

Խաղողի բերքը մոտ 20 տոկոսով պակաս կլինի նախորդ տարուց


Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասում է, որ հունիս ամսվա կարկտահարության պատճառով խաղողի բերքատվությունն այս տարի կնվազի:

Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 230 հազար տոննա խաղող: Խաղողագործներն այս տարվա համար ավելի շատ բերք էին սպասում, սակայն Հարությունյանի խոսքով, այս տարի մոտ 20 տոկոսով պակաս բերք կստացվի:

Հարությունյանին պատկանող խաղողի այգու կեսը եւս վնասվել է, իսկ կատարված ներդրումները, նրա խոսքով, անօգուտ են եղել:

«Ամեն տարի ես 15 միլիոն դրամ եմ դնում, այս տարի 17-18 միլիոն պիտի ներդնեմ ու ստանամ բերքի կեսի կեսը», - ասաց Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Արմավիրի մարզի Արաքս գյուղում եւս այս տարի խաղող չի լինի: Գյուղապետի տեղակալ Արթուր Վարդանյանը, ցույց տալով, վնասված վազերն ասում է, թե այս տարվա վնասների պատճառով վտանգի տակ է նաեւ հաջորդ տարվա բերքը:

«Անցած տարվա համեմատ մենք այս տարի ունեցել ենք աննախադեպ բերք մինչեւ կարկտահարությունը», - ասաց Վարդանյանը:

Չնայած բերքի բացակայությանը, գյուղացիները վերցրած վարկերի տոկոսադրույքները ստիպված շարունակում են վճարել:

«Այս տարի ինչ ծախս են արել մինչեւ կարկուտը, դա արդեն չկա, բերքի ակնկալիք չունեն: Մյուս տարվա բերքի վրա էլ է հաստատ ազդել, որովհետեւ այս խաղողը արդեն մի տարի հետ ընկավ, օրինակ, այս վնասված ճյուղը պետք է դառնա վազ, իսկ վազ կդառնա 2 տարուց», - ասաց Վարդանյանը:

Արաքս գյուղի գյուղապետ Ռուբեն Կարապետյանն ասում է, թե խաղողի մթերման համար «Պեռնո Ռիկար» ընկերության հետ կնքված պայմանագրերը լուծարվել են:

«Մի քանի օր առաջ կոնյակի գործարանի գործակալը եկավ, այցելեցինք խաղողի դաշտերը, ընդհանրապես խաղող չկար, եւ գյուղացինների պայմանագրերը զրո դարձան», - ասաց գյուղապետը:

Խաղողագործները նշում են, թե կառավարությունն իրենց միայնակ է թողել: Նրանց խոսքով` եթե հակակարկտային կայաններ տեղադրվեին, գյուղատնտեսությունն էլ ապահովագրվեր, գյուղացին այսչափ վնասներ չէր կրի:

please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG