Մատչելիության հղումներ

Գեղագիտության ազգային կենտրոնը պետական աջակցության կարիքն ունի


Լեւոն Իգիթյան
Լեւոն Իգիթյան

40 տարի առաջ Երևանում հիմնադրվեց աշխարհում առաջին մանկական պատկերասրահը, որը հետագայում ընդլայնվեց եւ դարձավ Գեղագիտության ազգային կենտրոն: Այսօր Գեղագիտության ազգային կենտրոնը ներառում է նկարչության, խեցեգործության եւ դիզայնի ստուդիա-քոլեջը, Փոքր թատրոնը, ազգային նվագարանների դպրոցը, «Մետրո» թատրոնը եւ ֆիլհարմոնիան:

Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը նշեց, որ իրենց խնդիրն է հայտնաբերել տաղանդավոր երեխաների:

«Այդ խնդիրը լուծելիս պարզվեց, որ հայ երեխաները բոլորը տաղանդավոր են. անտաղանդ հայ երեխա չի ծնվում: Լավ կլինի, որ մեր հասարակությունը, մեր պետությունը դա ընդունի», - ասում է Լեւոն Իգիթյանը:

Իգիթյանի խոսքերով որեւէ երկիր այս բնագավառում մեզ հետ չի կարող մրցակցել: Իսկ գաղտնիքն, ըստ նրա, գենետիկայի եւ լավ մանկավարժների մեջ է: Սակայն Իգիթյանի պնդմամբ, չնայած այն բանին, որ ունենք մշակութային հսկա պաշար, մենք մերը չենք գնահատում. - «Մենք նախ պասիվ ենք, երկրորդը վատ ենք պահում այս ամենը: Աշխարհում միակ եւ լավագույն մանկական պատկերասրահը այսօր ջեռուցման խնդիր ունի»:

Խնդիրներից մյուսն էլ տարածքն է: «Տեղը այնքան փոքր է, որ մեր պաշարների մի մասը պահած է, չենք ցուցադրում, հնարավորություն չունենք ցուցադրելու», - փաստում է Իգիթյանը:

Կենտրոնի ներքո գործող Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն ասաց, որ թատրոնը հյուրախաղերի է եղել ԱՄՆ-ում, Իտալիայում, 2010թ.-ին էլ Գերմանիայում մանկական թատրոնների համաշխարհային փառատոնում շահել է գլխավոր մրցանակը «Օֆելիայի ստվերների թատրոնը» ներկայացմամբ: Նրա խոսքերով, Հայաստանում վերաբերմունքի պակաս կա. - «Ես կուզեի, որ այն բոլոր լավ բաները, որ ստեղծվում են մեր երկրում, իսկապես նկատելի լինեն եւ գնահատվեն»:

«Պատահական մարդիկ չպետք է ղեկավարեն մշակութային կյանքը, իրենք պիտի մշակույթի մարդ լինեն, ուղղակի աթոռին նստելով բան չի ստացվի», - ասաց Լեւոն Իգիթյանը` հավելելով, որ պետք է հավասարաչափ բաշխել մշակութային հնարավորությունները: Իսկ այնպիսի փոքր երկրում ինչպիսին Հայաստանն է, դա շատ դժվար չէ:

Էլեն Չիլինգարյան
XS
SM
MD
LG