Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ. «Մինսկի խմբի ներուժը հեռու է օգտագործված լինելուց»


Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացման տարբեր փուլերին` ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ցույց է տվել, որ իր ներուժը հեռու է օգտագործված լինելուց: Այդ մասին երեկ Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Համանախագահները ձգտում են գործել պատասխանատվությամբ, եռանդուն` Երեւանին եւ Բաքվին օգնելով հասնել անհրաժեշտ համաձայնությունների», - Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի վկայությամբ` ասել է Լուկաշեւիչը:

«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հաստատված ձեւաչափը եւ համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, գործունեությունը հակամարտության կողմերը ճանաչում են որպես կարգավորմանը աջակցության արդյունավետ եւ բավականաչափ գործունակ գործիք: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ անցկացրած եռակողմ հանդիպումը հնարավորություն տվեց ակնկալել տեղաշարժ այդ բարդ գործընթացում, եւ որ կողմերը կընդունեն կարգավորման հիմնարար սկզբունքները` բանակցությունների ավելի բարդ փուլին անցնելու եւ խաղաղ համաձայնագրի մշակման [համար]», - նշել է Լուկաշեւիչը եւ շարունակել. - «Կրկնում եմ, խոսքը երկար տարիների ընթացքում հաստատված ձեւաչափի մասին է: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ստեղծման պատմության արմատները հասնում են մինչեւ 90-ականների սկիզբը»:

Չորեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության աննպատակահարմարության մասին հայտարարել էր նաեւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG