Մատչելիության հղումներ

Վարչապետի պնդմամբ` կոռուպցիան պետական ծառայություններում նվազել է


Կառավարության հինգշաբթի օրվա նիստում պետական ծառայություններում իրականացված մոնիթորինգի արդյունքները ներկայացնելիս` վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

Վերջերս կառավարության իրականացրած փոփոխություններով իրավունքների գրանցման ընթացակարգում երկրորդային գրանցումների ժամանակ չի պահանջվում գույքի տեղազննություն եւ չափագրում:

«Ընդհանուր առմամբ` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում մոնիթորինգը ցույց է տալիս, որ ծառայության որակը բարձրացել է, կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազել են։ Վերջին երկու շաբաթվա մոնիթորինգը ցույց է տալիս, որ մեր բնակչությունն սկսել է դրական գնահատել կադաստրի ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները», - ասաց վարչապետը։

Հաջորդը վարչապետը անդրադարձավ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալությանը, որտեղ ներդրվել է էլեկտրոնային միասնական եւ «մեկ պատուհանի» համակարգի սկզբունքը: Էլեկտրոնային տարբերակով գրանցված ձեռնարկությունների թիվը, ըստ վարչապետի, չի գերազանցում ընդհանուր ձեռնարկությունների գրանցման 10 տոկոսը:

«Չնայած այն հանգամանքին, որ կոռուցպիոն ռիսկերը կտրուկ նվազել են, (չի գերազանցում 1.4 տոկոսից մոնիթորինգի արդյունքում), բայց դեռեւս առկա են դժգոհություններ, որոնք վերաբերում են սպասարկմանը եւ հերթերին։ Այստեղ մենք ունենք տարածքային խնդիր, եւ հանձնարարվում է Արդարադատության նախարարությանը կառավարության աշխատակազմի հետ եւ Պետական գույքի կառավարման վարչության հետ միասին քննարկել խնդիրը, թե ինչ լրացուցիչ տարածքներ մենք կարող ենք հատկացնել։ Միգուցե նպատակահարմար է, որ Երեւանում մեկ կետ չլինի, այլ երկու կետ լինի, որպեսզի հերթեր չձեւավորվեն եւ կարողանանք սպասարկել քաղաքացիներին», - ասաց Տիգրան Սարգսյանը։

Անդրադառնալով ճանապարհային ոստիկանության ոլորտին, մասնավորապես, վարորդական վկայականներ ստանալու եւ ավտոմեքենաները գրանցելու կամ գրանցումից հանելու գործընթացին, Տիգրան Սարգսյանն ասաց, թե մոնիթորինգի արդյունքներով այս ոլորտներում կոռուպցիոն երեւույթները «էապես նվազել են». - «Սակայն փոխարենը առաջացել է քաղաքացիների դժգոհությունը կապված սպասարկման որակի հետ, այդտեղ դեռեւս գերիշխում է ֆորմալիզմը, եւ քաղաքացիները շատ ժամանակ են ծախսում իրենց վկայականներն ստանալու համար»:

Ավտոմեքենաների գրանցման եւ գրանցումից հանելու մասով վարչապետն ասաց, թե կոռուպցիոն ռիսկերը այս պահի դրությամբ առնչվում են, այսպես կոչված, միջնորդ հանդիսացող «դալալներին»:

«Այս երեւույթը նույնպես պետք է վերացվի։ Հանձնարարվում է ոստիկանությանն ապահովել ավտոմեքենաների գրանցման ժամանակ քաղաքացիների սպասարկումն իրականացնել կարճ ժամկետում։ Կարծում եմ, որ մոտակա 2 ամիսների ընթացքում մեքենաների գրանցումը, գրանցումից հանելը չպետք է գերազանցի 1 ժամը, դա առավելագույնը պետք է լինի, իսկ 2 ամիս հետո այդ ժամանակահատվածը պետք է կրճատվի», - հանձնարարեց վարչապետը։

Մոնիթորինգի են ենթարկվել նաեւ մի շարք լիցենզավորման գործակալությունների մատուցած ծառայություններ: Վարչապետի խոսքով` պարզվել է, որ Կրթության եւ գիտության, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Տրանսպորտի եւ կապի, Արտակարգ իրավիճակների, Գյուղատնտեսության նախարարությունների լիցենզավորման գործակալություններում կոռուպցիոն դրսեւորումները բացակայում են, սակայն խնդիրներ եղել են Առողջապահության եւ Քաղաքաշինության նախարարություններում։

Վարչապետը, նշելով, որ կառավարությունն ունի տեսչական 18 ստուգող մարմին, վստահեցրեց, որ ստուգումների արդյունքները պարբերաբար ներկայացվելու են հանրությանը:
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG