Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն արձագանքում է մինչեւ տարեվերջ ԼՂ հակամարտությունը կարգավորելու` Եվրամիության կոչին


Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ
Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ
Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակի կարծիքով, միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի ադրբեջանական կողմի վրա:

«Ադրբեջանը չի դադարում խոսել խնդրի ռազմական լուծման մասին, պարծենում է սպառազինությունների մրցավազքով, չի դադարում ռասիզմ եւ հայատյացություն քարոզել, եւ շարունակ պնդում է, որ իրենք զիջելու որեւէ բան չունեն», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի կոչին` այսօր ասաց նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Իշխող կուսակցության խոսնակը նշեց, թե իրենք, իհարկե, դրական են գնահատում բոլոր գործընկերների, ներառյալ տիկին Էշթոնի ցանկությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ լուծվի: Բայց խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը կառուցողական լինի, մինչդեռ, Շարմազանովի խոսքով, բոլորը տեսան, որ Ադրբեջանը ե՛ւ Կազանից առաջ, ե՛ւ կազանյան հանդիպման ընթացքում եւ դրանից հետո «ապակառուցողական է»:

«Այսպիսի մոտեցման դեպքում ինչպե՞ս մենք կարող ենք առաջընթաց արձանագրել: Ես առաջընթաց ակնկալում եմ, եթե ադրբեջանական կողմը լինի կառուցողական, եւ պրեսինգը ադրբեջանական կողմի վրա խստանա, որովհետեւ Ադրբեջանը պետք է շատ լավ հասկանա, եւ նաեւ համանախագահող երկրները, բոլոր այն կողմերը, ովքեր որ զբաղվում են կոնֆլիկտով [պետք է հասկանան], որ այստեղ պետք է մի լուծում` երկուստեք փոխզիջումներ», - հավելեց Հանրապետականի խոսնակը:

Նրա խոսքով, հակամարտության կարգավորմանը խանգարում է նաեւ այն, որ շատ դեպքերում յուրաքանչյուր հանդիպումից հետո հնչող հայտարարություններում հավասարության նշան է դրվում հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ, մինչդեռ միջազգային հանրությունը պետք է հստակ ասի, թե ո՞վ է հակամարտության կարգավորման գործընթացը տանում փակուղի:

«Փակուղի տանում է ադրբեջանական կողմը», - ընդգծեց Շարմազանովը:

«Երկրորդ հարցը, որը շատ կարեւոր է. մենք բեկումնային առաջընթաց այս հարցում, եւ նաեւ հիմնարար սկզբունքների շուրջ, կարող ենք արձանագրել այն դեպքում, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնա բանակցությունների լիիրավ մասնակից», - նաեւ ասաց Էդուարդ Շարմազանովը, - «Հակառակ դեպքում մենք ականատես կլինենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի արհամարհման եւս մեկ օրինակի»:

ՀԱԿ-ը առաջընթացի հավանականություն է տեսնում


Լեւոն Զուրաբյան, ՀԱԿ համակարգող
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, ի տարբերություն շատ ուժերի եւ քաղաքական մեկնաբանների, ովքեր կազանյան հանդիպումը համարեցին տապալում, Կոնգրեսի համար ակնհայտ էր, որ կողմերի միջեւ ինչ-որ համաձայնություններ ձեռք են բերվել, եւ որ միջազգային հանրությունը լրջագույն ջանքեր է գործադրում օգտվելու համար այն հնարավորությունից, որ ստեղծվել է բանակցային գործընթացում:

«Այնքան մեծ է այսօր միջազգային ճնշումը, որ բավականին մեծ հավանականություն է ստեղծվել առաջընթացի համար: Երեւում է, որ սա իմիտացիա չէ: Երեւում է, որ միջազգային հանրությունը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան` որպես համանախագահը երկրներ, աննախադեպ ջանքեր են գործադրում կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ, իսկ դա այդպես չէր լինի, եթե նրանք բավականին իրատեսական չհամարեին առաջընթացի հնարավորությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեւոն Զուրաբյանը:

Կոնգրեսի համակարգողը կիսում է այն տեսակետը, որ եթե մինչեւ տարեվերջ հակամարտության կարգավորման շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, հաջորդ տարի ավելի քիչ հավանական կլինի, որ կողմերի միջեւ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, քանի որ ընտրությունները կխանգարեն բանակցային գործընթացին:

Անդրադառնալով պաշտոնական Երեւանի այն հայտարարություններին, թե Ադրբեջանի մեղավորությունն է, որ Կազանում առաջընթաց չգրանցվեց, քանի որ ադրբեջանական կողմը առկա փաստաթուղթը փոխելու 10 առաջարկ է ներկայացրել` Լեւոն Զուրաբյանն ասաց, թե սա երկրորդային հարց է. համանախագահող երկրները փորձելու են ոչ թե մեղավորներ գտնել, այլ իրականում հասնել խնդրի լուծմանը, եւ այդ կերպ խուսափել պատերազմական գործողությունների վերսկսումից:
please wait

No media source currently available

0:00 0:05:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG