Մատչելիության հղումներ

Կոնգրեսը հույս ունի իշխանությունների հետ «արդյունավետ բանակցություններ» վարել


Կոնգրեսը հույսը չի կորցնում
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00
Մինչեւ սեպտեմբեր իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է համաձայնության գան արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների եւ պայմանների վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` ընդգծելով, որ մինչեւ սեպտեմբեր ոչ միայն պետք է սկսվեն ընդդիմություն-իշխանություն բանակցությունները, այլեւ պետք է արդյունք ունենան:

Ճնշումը կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ, այդ թվում նաեւ քաղաքացիական անհնազանդություն...
Զուրաբյանի փոխանցմամբ, հակառակ դեպքում կնշանակի, որ հասարակությունը եւ ընդդիմությունը այլ ելք չունեն Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու, սահմանադրական կարգը վերականգնելու համար եւ միակ ճանապարհը մնում է ժողովրդի կողմից զանգվածային ճնշումը իշխանությունների վրա: Կոնգրեսի համակարգողի համոզմամբ, այդ ճնշումը կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ, այդ թվում նաեւ քաղաքացիական անհնազանդություն:

«Դրա մեջ ամեն ինչ կարող են լինել` ե՛ւ շուրջօրյա հանրահավաքներ, ե՛ւ կարեւորագույն մայրուղիներում բլոկ-պիկետներ, որը պետք է ստիպի իշխանություններին հասկանալ, որ ժողովրդի հետ այսպես վարվել չի կարելի», - պարզաբանեց Լեւոն Զուրաբյանը:

Կոնգրեսի համակարգողի փոխանցմամբ, Հայաստանը պետք է անցում կատարի դեպի ժողովրդավարություն, եւ հարցն այն է, թե արդյո՞ք իշխանությունները կմասնակցեն այդ պրոցեսին, թե ոչ: Զուրաբյանի կարծիքով, այդ մասնակցությունը հնարավոր կլինի, եթե իշխանությունը կառուցողական բանակցություններ վարի Կոնգրեսի հետ, իսկ եթե ոչ, ապա իշխանությունները որեւէ մասնակցություն այդ անցումային ժամանակահատվածում չեն ունենա` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Արդար ընտրության երաշխիքներ


Արձագանքելով այն հարցադրմանը, թե արտահերթ ընտրությունների որեւէ իմաստ չկա` հաշվի առնելով, որ հաջորդ մայիսին նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները, Զուրաբյանը ընդգծեց, որ իրենք խոսում են արտահերթ նախագահական ընտրությունների մասին:

«Մեզ համար խնդրի լուծումը հետեւյալն է` Հայաստանում պետք է ձեւավորվեն լեգիտիմ իշխանություններ: Հայաստանում չկա լեգիտիմ պետական իշխանություն, ուստի երկուսն էլ [ե՛ւ նախագահը, ե՛ւ խորհրդարանը] պետք է փոխվեն», - ասաց Կոնգրեսի համակարգողը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Կոնգրեսը ի՞նչ երաշխիք ունի, որ իր պահանջած արտահերթ ընտրությունները կարող են անցնել ազատ եւ արդար, Լեւոն Զուրաբայանը նշեց, թե նախ ժողովուրդը պետք է ստեղծի ընտրական կեղծիքի, հանցագործության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ, որում ցանկացած մեկը կվախենա կեղծիքներ անելուց: Իսկ որ ամենակարեւորն է` Հայ ազգային կոնգրեսի համակարգողը հույս հայտնեց, թե իրենց կհաջողվի բանակցությունների արդյունքում արտահերթ ընտրություններն անցկացնել վերափոխված ընտրական օրենսգրքի շրջանակներում:


«Նախ մենք այս ընտրական օրենսգրքի տարբերակը վերջնական չենք համարում: Ես կարծում եմ, որ մենք կունենանք արդյունավետ բանակցություններ իշխանությունների հետ, եւ ոչ միայն համաձայնություն ձեռք կբերենք ժամկետների, այլեւ պայմանների մասին, որոնք կներառեն նաեւ փոփոխություններ ընտրական օրենսգրքում, եւ այնպիսի երաշխիքների ստեղծում, որ իշխանությունները չկարողանան կեղծել ընտրությունները», - նշեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Անհեթեթ տրամաբանություն»


«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արձագանքելով այն պնդումներին, թե Կոնգրեսը իր վերջին հանրահավաքում, ըստ էության, փակեց ամառային սեզոնը եւ կրկին ժամանակ տալով իշխանություններին` քաղաքական գործընթացները հետաձգեց մինչեւ աշուն, Լեւոն Զուրաբյանն ասաց, թե սա «անհեթեթ տրամաբանություն է»:
Պայքարը, որը ընթանում է այսօր իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության պրոցեսում որոշակիություն մտցնելու շուրջ` շարունակվում է ...

«Եթե մենք նշանակել ենք օգոստոսի 1-ին հանրահավաք, դա նշանակում է, որ մենք համարում ենք, որ քաղաքական պրոցեսը բուռն ձեւով ընթանում է: Դա նշանակում է, որ այս պայքարը, որը ընթանում է այսօր իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության պրոցեսում որոշակիություն մտցնելու շուրջ` շարունակվում է, ավելին` դրամատիկ կերպով զարգանում է», - նշեց Կոնգրեսի համակարգողը: - «Կարծում եմ, որ մինչեւ օգոստոսի 1-ը ճիշտ ժամանակն է, որ վերջնական որոշումներ ընդունվեն եւ մենք կարողանանք սկսել բանակցությունները, որովհետեւ ժամանակն այնքան էլ շատ չէ, եւ մենք մինչեւ սեպտեմբերի 1-ը դեռ շատ կարեւոր արդյունքների հանգելու նպատակ ունենք»:
please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG