Մատչելիության հղումներ

Թուրք ընդդիմադիրները կարող են զրկվել մանդատներից


Թուրքիա - Քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության սատարած պատգամավորների թափուր աթոռները նորընտիր խորհրդարանի երդման արարողության ժամանակ, Անկարա, 28-ը հունիսի, 2011թ.
Թուրքիա - Քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության սատարած պատգամավորների թափուր աթոռները նորընտիր խորհրդարանի երդման արարողության ժամանակ, Անկարա, 28-ը հունիսի, 2011թ.
Հուլիսի 15-ից հետո թուրք ընդդիմադիրները կարող են զրկվել պատգամավորական մանդատներից:

Իշխող իսլամիստները երեքշաբթի օրը միանշանակորեն զգուշացրեցին խորհրդարանի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիր երկու ուժերի ներկայացուցիչներին` կա'մ Ժողովրդա-հանրապետական ու «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություններից ընտրված պատգամավորները պաշտոնական երդում են ընդունում, կա'մ էլ նրանց լիազորությունները խորհրդարանում կդադարեցվեն:

Նման հայտարարությամբ հանդես եկավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մուսթաֆա Էլիթաշը: Դիմելով ընդդիմադիրներին` թուրք պատգամավորը հայտարարեց. - «Վերջ տվեք դիմադրությանը, վերադարձեք խորհրդարան եւ ընդունեք ձեր պատգամավորական երդումը: Հուլիսի 15-ից հետո կարող է շատ ուշ լինել»:

Խորհրդարանի նորընտիր խոսնակ Ջեմիլ Չիչեքն էլ, դիմելով ընդդիմության ներկայացուցիչներին, հայտարարեց. - «Մեր բոլորի միասնական պարտականությունն է համատեղ ուժերով գտնել այն բոլոր խնդիրների լուծումը, որոնք ծառացել են մեր երկրի առջեւ: Խորհրդարանը աշխատանքի, այլ ոչ թե հակամարտության վայր է»:

Եթե խորհրդարանական մեծամասնությունը որոշի սկսել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու պաշտոնական գործընթացը, ապա դա կարող է հանգեցնել նոր` արդեն արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Էրդողանի կուսակցությանը նման հեռանկարը առանձնապես չի վախեցնում: GENAR հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն` արտահերթ ընտրությունների դեպքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը է'լ ավելի կամրապնդի իր դիրքերը: «Եթե հունիսի 12-ի ընտրություններում այն ստացավ քվեների 49 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 51-ի», - պնդում են սոցիոլոգները:

Բայց նույնիսկ սոցհարցումների ոչ այնքան բարենպաստ արդյունքների առկայությունը թուրք ընդդիմադիրներին չի ստիպում նահանջել:

«Ահաբեկումն ու շանտաժը մեզ չեն ստիպի վերադառնալ խորհրդարանի դահլիճ: Մենք դա կանենք միայն մի դեպքում` երբ պատգամավոր ընտրված, բայց կալանքի տակ գտնվող մեր ընկերները հայտնվեն ազատության մեջ», - նշեց Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Ժողովրդա-հանրապետական ու քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունները պահանջում են ազատ արձակել ընդհանուր առմամբ 9 ընտրված պատգամավորների, որոնք, այս կուսակցությունների ղեկավարների պնդմամբ, ճաղերի ետեւում են հայտնվել իրենց քաղաքական գործունեության հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG