Մատչելիության հղումներ

Գարեգին Ազարյանը ԿԸՀ անդամի թեկնածու է


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը ցանկանում կրկին վերադառնալ ԿԸՀ եւ այդ նպատակով արդեն իսկ հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` նոր ձեւավորվելիք հանձնաժողովում ընդգրկվելու համար:

Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` ԿԸՀ-ի անդամներից 3-ին առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպանը, 2-ին` Փաստաբանների պալատը եւ եւս 2-ին` Վճռաբեկ դատարանը: Հանձնաժողովի անդամներին նշանակում է հանրապետության նախագահը: Գործող ԿԸՀ-ի լիազորությունները կավարտվեն հուլիսի 14-ին եւ մինչեւ հուլիսի 10-ը վերոհիշյալ մարմինները պետք է երկրի նախագահի հաստատմանը ներկայացնեն իրենց թեկնածուներին, իսկ նախագահը մինչեւ հուլիսի 13-ը պետք է հաստատի հանձնաժողովի նոր կազմը:

Մարդու իրավունքների պաշտպանը իր նախաձեռնությամբ մրցութային կարգով է որոշելու իրեն վերապահված անդամների ընտրությունը: Պաշտպանի գրասենյակին արդեն 22 անձ է դիմել, որոնցից հարցազրույցի փուլ անցել են 18-ը` այդ թվում եւ ԿԸՀ գործող նախագահ Գարեգին Ազարյանը: Օմբուդսմենի հայտարարած մրցույթի արդյունքները կամփոփվեն հուլիսի 9-ին: Մրցույթն անցկացնելու է անձամբ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ նրա աշխատակազմի 2 անդամները:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է որոշել կրկին վերադառնալ ԿԸՀ, 2003 թվականից ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Գարեգին Ազարյանը պատասխանեց, թե ինքը ակտիվ մասնակցություն է ունեցել նոր Ընտրական օրենսգրքի մշակմանը, դեռ անելիքներ ունի եւ կարող է իր աշխատանքով նպաստել Հայաստանում ընտրական համակարգի կայացմանը:

«Կիրառել նոր Ընտրական օրենսգիրքն այնպես, որ բոլոր նրանց, ովքեր ասում էին. թե այս օրենսգիրքն ունի թերություններ, ապացուցել, որ դրանով կարելի է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ», - ասաց Ազարյանը:

Հարցին, թե նոր Ընտրական օրենսգիրքը եւ հանձնաժողովի ձեւավորման նոր կարգը մեծացնո՞ւմ են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, Ազարյանը պատասխանեց. - «Կարծում եմ` մեծացնում են, եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին դիմած անձանց թիվը հենց դրա վառ ապացույցն է»:

Ազարյանը արձագանքեց նաեւ մամուլի այն հրապարակումներին, թե նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգել է նոր ԿԸՀ-ում հին կազմից ոչ մեկին չընդգրկել: Մամուլը եզրակացրել էր, թե Ազարյանը միայն նախագահի համաձայնությունը ստանալուց հետո կմասնակցի օմբուդսմենի մրցույթին:

«Ես չեմ կարծում, որ դա նախագահի որոշելիք հարցն է: Ընտրական օրենսգիրքը այդ հարցի պատասխանը տալիս է` հանրապետության նախագահը պարտավոր է իր հրամանագրով սահմանել ԿԸՀ այն անդամների կազմը, ինչ իրեն կներկայացվի», - ասաց նա:

Ազարյանից բացի նոր ԿԸՀ-ում ընդգրկվելու ցանկություն է հայտնել հանձնաժողովի գործող քարտուղար, Հանրապետական կուսակցության անդամ Աբրամ Բախչագուլյանը:

Վճռաբեկ դատարանի նախագահը դեռեւս չի որոշել, թե ովքեր են ԿԸՀ-ում իր երկու թեկնածուները: Առայժմ պարզ չէ նաեւ, թե ովքեր կլինեն Փաստաբանների պալատի երկու թեկնածուները:
please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG