Մատչելիության հղումներ

WikiLeaks. «Հայ փորձագետների կարծիքով` Իրանի միջուկային ծրագիրն անկասելի է»


Բուշեհրի ատոմակայանը Իրանում
Բուշեհրի ատոմակայանը Իրանում
WikiLeaks-ը շարունակում է Հայաստանին վերաբերող նոր փաստաթղթեր գաղտնազերծել: Սկանդալային համբավ ձեռք բերած կայքի հրապարակած հերթական փաստաթուղթը հայ - իրանական հարաբերությունների մանրամասն վերլուծությունն է` պատրաստված Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանության աշխատակիցների կողմից:

Այն, որ փաստաթուղթը պատրաստվել է Բաքվում, պատահական չէ. Հարավային Կովկասում Իրանի մասին տեղեկություններ հավաքող ամերիկացի դիվանագետի նստավայրը հենց Ադրբեջանի մայրաքաղաքն է:

Ինչպես հաղորդագրության նախաբանում տեղեկացնում է Բաքվում Միացյալ Նահանգների արդեն նախկի դեսպան Էնն Դերսին, Իրանի խնդիրներով զբաղվող իր ենթական Երեւան էր ժամանել 2007 թվականի հոկտեմբերին` հանդիպելով քաղաքական շրջանակների, գործարարների եւ մշակութային գործիչների հետ:

«Հայ փորձագետները համոզված են, որ Իրանի միջուկային նկրտումներն անկասելի են: Բացի այդ, հայ մասնագետները հանդիպումների ընթացքում համոզմունք են հայտնել, որ Իրանը մեծապես շահարգրգռված է տարածաշրջանային ստատուս քվոյի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ներկա կացության պահպանմամբ», - նշված է հաղորդագրության մեջ:

Դիվանագետները բավական մանրամասն տեղեկություններ են հաղորդում երեւանյան փորձագիտական շրջանակներում տիրող տրամադրությունների մասին:

«Արտաքին հարաբերություններով զբաղվող փորձագետների եւ գիտնականների շրջանակը համոզված է, որ Միացյալ Նահանգները շատ քիչ բան կարող է անել Իրանի միջուկային ծրագիրը արգելակելու համար: Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը, որը նաեւ Հայոց համազգային շարժման հիմնադիրներից մեկն է, ամերիկացի դիվանագետների հետ զրույցում ասել է, թե Իրանի տնտեսությունն այնքան թույլ չէ, որ պաշտոնական Թեհրանը ստիպված լինի փոխել իր քաղաքականությունը», - նշված է հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից հնարավոր ռազմական հարվածներին, ապա դրանք, ըստ հաղորդագրության, Շահնազարյանը բնութագրել է որպես «ոչ խելամիտ քայլ»:

«Եթե նույնիսկ ԱՄՆ-ը ռազմական հաջողությունների հասնի, ապա դրանց կհետեւեն շատ մեծ քաղաքական խնդիրները», - նշել է հայաստանցի փորձագետը:

Շահնազարյանը ամերիկացի դիվանագետների հետ զրույցում խոսել է նաեւ հայ - իրանական երկկողմ հարաբերությունների մասին:

«Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն առեւտրային կապերով: Գոյություն ունի քաղաքական խնդիրների շուրջ եւ անվտանգության բնագավառում բարձր մակարդակի համագործակցություն», - նշել է Շահնազարյանը` հատուկ ընդգծելով, որ Իրանը չի ցանկանում առաջընթաց տեսնել Ղարաբաղի խնդրի լուծման ճանապարհին, քանի որ դա պաշտոնական Թեհրանին թույլ է տալիս շեղել Ադրբեջանի ուշադրությունը Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիների խնդիրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG