Մատչելիության հղումներ

Վիրահայոց թեմը ողջունում է Վրաստանի խորհրդարանի որոշումը


Վրաստանի խորհրդարանի նիստում: 1-ը հուլիսի, 2011թ.
Վրաստանի խորհրդարանի նիստում: 1-ը հուլիսի, 2011թ.

Վրաստանի խորհրդարանը անցած ուրբաթ օրը առաջին ընթերցմամբ ընդունել է մի օրինագիծ, որով Վրաստանի 5 կրոնական կազմակերպությունների, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցուն, տրվելու է իրավաբանական անձի կարգավիճակ:

«Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն ու հոգեւոր դասը ողջունում են Վրաստանի իշխանությունների այս մոտեցումը եւ համարում, որ այն բնորոշ է ժողովրդավարական երկրին: Վրաստանում ոչ միայն Հայոց եկեղեցին, այլեւ մյուս ավանդական կրոնական համայնքները տարիներով սպասում էին նման որոշման», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

«Անշուշտ, մինչեւ այդ որոշումը եւս մեր փաստացի ներկայությունը ճանաչվում էր ե'ւ Վրաստանի իշխանությունների, ե'ւ պատրիարքարանի, ե'ւ վրաց հասարակության կողմից», - շարունակեց Միրզախանյանը` հավելելով. - «Բայց այդ օրենքը, երբ վերջնական ընդունվի եւ հնարավորություն լինի գրանցվել, իհարկե, մեծ առավելություններ կտա այն առումով, որ իրավական դաշտում կգործենք, եւ ամենակարեւորը` եղած մեր տաճարները, որոնք առայժմ պատկանում են Վրաստանի մշակույթի նախարարությանը, այդ ամենը կամաց-կամաց… այդ սեփականության իրավունքները մենք կունենանք»:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի` օրերս Վրաստան կատարած այցի ընթացքում սպասվում էր Հայոց Եկեղեցու կարգավիճակի վերաբերյալ որեւէ գրավոր փաստաթղթի ստորագրում, ինչը, սակայն, տեղի չունեցավ:

Ավելին` այդ այցը մամուլում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Հարցին, թե այս ամենի համապատկերում անսպասելի չէ՞ր արդյոք Վրաստանի խորհրդարանի որոշումը, Վազգեն Սրբազանը պատասխանեց, թե դա անսպասելի չէր եւ հավելեց. - «Որովհետեւ ես չեմ կիսել Վեհափառ Հայրապետի այցի հետ կապված Հայաստանում կամ Վրաստանում կամ այս երկու երկրներից դուրս այդ մեկնաբանությունները: Ոչ ոք չեկավ հարցնելու Վրաստանի հայությունից կամ Վրաստանի վրացիներից` գո՞հ էին այդ մարդիկ, թե՞ոչ: Պիտի ասեմ, որ այստեղ ժողովուրդը` ե'ւ հայերը, ե'ւ վրացիները շատ գոհ մնացին»:

«Բնականաբար, իր դերակատարությունն ունեցավ նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը», - նշեց Վիրահայոց թեմի առաջնորդը: - «Վրաստանի նախագահը, մեծագույն հարգանք տածելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ, ընդառաջեց այս ամենին` բնականաբար, մեծ հարգանքով ու պատկառանքով նաեւ պատրիարք Իլյա Երկրորդի հանդեպ, քանի որ պատրիարքարանը դեմ չի եղել երբեք ավանդական համայնքներին ստատուս տալու հարցում»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը եւս այն կարծիքին է, որ Վրաստանի խորհրդարանի այս որոշումն ամենեւին էլ անսպասելի չէր:

«Բնականաբար, դա գործընթաց էր, որը Վրաստանում, թեեւ ոչ ակնհայտորեն, ընթանում էր արդեն շատ վաղուց, քանի որ այդ երկրում Վրաց ուղղափառ եկեղեցու եւ կրոնական մյուս համայնքների հարաբերություներին առնչվող խնդիրները շատ հին են: Այդ թվում` ոչ միայն հայերի այլեւ, օրինակ, կաթոլիկների համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Իսկանդարյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ այդ որոշումը, ըստ ամենայնի, Վրաց եկեղեցու եւ վրացական իշխանությունների փոխհամաձայնության արդյունք է:

«Եթե դա միայն Վրաց եկեղեցու որոշելիքը լիներ, վախենամ, որ ոչ մի նման բան տեղի չէր ունենա», - ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը` նշելով, որ Վրաց եկեղեցին, ի տարբերություն Հայ առաքելական եկեղեցու, անհամեմատ ավելի ազդեցիկ ու անկախ կառույց է, եւ, ի դեպ, միշտ չէ, որ ինչ-ինչ հարցերում միակարծիք է իշխանությունների հետ:

Օրինագիծը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քվեարկության կդրվի հուլիսի 6-ին:
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG