Մատչելիության հղումներ

Սթինգն ի նշան բողոքի չի մեկնի Աստանա


Սթինգը համերգի ժամանակ, արխիվային լուսանկար
Սթինգը համերգի ժամանակ, արխիվային լուսանկար
Ղազախստանի մայրաքաղաքում երաժշտասեր հասարակությունը մեծ ցավ եւ հիասթափություն է ապրում. արդի ռոքի երկնակամարի ամենավառ աստղերից մեկը` բրիտանացի Սթինգը չեղյալ է հայտարարել համերգը Աստանայում:

Ղազախական մամուլը հաղորդել էր, որ առասպելական ռոքերի շոուն տեսնելու համար երկրպագուներ էին ժամանելու երկրի ամենախոշոր քաղաք Ալմաթիից եւ այլ վայրերից։ Police խմբի նախկին վոկալիստ Սթինգի համերգը պետք է դառնար Ղազախստանում մշակութային տարվա նշանակալի իրադարձությունը:

Բայց քաղաքական եւ իրավապաշտպան բազմաթիվ ակցիաների մասնակից Սթինգը որոշել է բոյկոտով իր համերաշխությունը հայտնել «ՈւզենՄունայԳազ» ընկերության հազարավոր աշխատակիցներին, ովքեր մայիսի 26-ից գործադուլ են հայտարարել:

«ՈւզենՄունայԳազ»-ը Լոնդոնում գրանցված «ԿազՄունայԳազ» արդյունահանող ընկերության մասնաճյուղն է։ Բանվորներն ասում են, թե ղեկավարության ապօրինի որոշմամբ իրենց ռոճիկները կրճատվել են, իսկ իրենց շահերը ներկայացնող փաստաբանը շինծու մեղադրանքով բանտ է նետվել:

Սակայն ընկերության ղեկավարությունը ապօրինի է անվանել գործադուլը եւ աշխատանքից ազատել է մոտ 250 ամենաակտիվ բողոքավորներին:

Սթինգին քննադատել են մոլորակի ամենառեպրեսիվ երկրներից մեկում` Ուզբեկստանում 2009 թվականին ելույթ ունենալու համար, ինչից հետո նա մենեջերներից պահանջել է առավել ուշադրությամբ եւ զգոնությամբ կազմակերպել հյուրախաղերը:

«Բազմաթիվ հացադուլավորներ, հազարավոր գործադուլավորներ, ձերբակալվածներ` նրանք, իմ ընկալմամբ, այս պահին կանգնած են բողոքավորների շարքում, որը ես ճեղքելու իրավունք չունեմ: Ղազախստանի նավթի եւ գազի արդյունաբերության աշխատողները եւ նրանց ընտանիքները մեր աջակցության կարիքն ունեն, միջազգային մամուլը պետք է անդրադառնա նրանց վիճակին, եւ դա գուցե դրական տեղաշարժ կապահովի», - ասել է 59-ամյա աստղը եւ ավելացրել. - «Եթե շոուն այս պայմաններում տեղի ունենար, դա ակամա կդիտվեր որպես աջակցություն Ղազախստանի նախագահի վարչակարգի գործելակերպին եւ կհակասեր մարդու իրավունքների համար 40 տարի պայքարելու, Amnesty International-ին աջակցելու իմ առաքելությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG